ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy
Օգոստոսի 26, 2025

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

By Օգոստոսի 26, 2025 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին անցկացված հանդիպումը շրջադարձային կետ դարձավ Հարավային Կովկասի հարևանների միջև տասնամյակներ շարունակվող պայքարում, գրում է Foreign Policy պարբերականը։ 

«Երկու երկրները ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր գոյություն ունեցող հակամարտությանը, բացել տարածաշրջանային առևտրի և ներդրումների հնարավորությունները և Միացյալ Նահանգներին դարձնել խոշոր խաղացող տարածաշրջանում, որը երկար ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության տակ էր։ 

Նախնական համաձայնագրի վերջնական մշակումը ամիսներ տևեց և այն դարձավ Վաշինգտոնի խոշորագույն նախաձեռնություններից մեկը հետխորհրդային տարածքում։ Համաձայնագրի ստորագրումը բարդացնում է տարածված այն խոսույթը, թե Թրամփի վարչակազմը ձգտում է Միացյալ Նահանգներին ազատել իր միջազգային պարտավորություններից կամ ազդեցության ոլորտը զիջել Կրեմլին։ «Ընդսմին, համաձայնագիրը դեռևս լիրաժեք չէ և իրական ռիսկեր է պարունակում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար»,- շեշտել է հոդվածի հեղինակ, Ազգային պաշտպանության համալսարանին առընթեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող, Ջեֆրի Մանկոֆը։ 

Ըստ գործընթացին մասնակցող պաշտոնյայի, Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի մինչև 2026 թվականի վերջը։ Այդ նպատակին հասնելու համար բոլոր կողմերը, դրանց թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ միաժամանակ լուծելով մի շարք չլուծված հարցեր։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը վաղուց նպաստել է Հարավային Կովկաս հատվածականացմանը և դրա ռազմավարական մարգինալացումը։ Այն նաև Ռուսաստանին հնարավորություն է տվել գերիշխել տարածաշրջանում, քանի որ Մոսկվան 1990-ականներից ի վեր խոչընդոտել է ցանկացած վերջնական լուծում՝ ստիպելով և՛ Բաքվին, և՛ Երևանին Կրեմլին ընկալել իբրև դատավորի և անվտանգություն ապահովողի։ Ռուսաստանի միջամտությունը կանխել է հակամարտության սրումը, բայց միաժամանակ խոչընդոտել է երկարաժամկետ լուծումը, որը երկու երկրներին հնարավորություն կտար որոշել սեփական ապագան։ 

2020 թվականին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակը, այնուհետև 2023 թվականի վերջին նախկինում հայկական տիրապետության տակ գտնվող մնացած տարածքների վերազավթումը սկզբունքորեն նոր իրականություն ստեղծեց։ Ի պատվին Փաշինյանի, նա հասկացավ, որ ջախջախիչ ռազմական պարտությունը, Լեռնային Ղարաբաղի կորուստը և էթնիկ հայերի փախուստը այդ տարածքներից ստեղծեցին ոչ միայն խաղաղության անհրաժեշտություն, այլև հնարավորություն՝ հասնելու դրա մշտական ​​​​հաստատմանը։ Մինչ Երևանը հետաքրքրված էր խաղաղության համաձայնագրով, Բաքուն վաղուց զգուշավոր էր։ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցեց, որ ուժեղ խաղաքարտեր ունի և կարող է առավելագույն ​​պահանջներ ներկայացնել», - գրում է Մանկոֆը։ 

Ընդսմին, ըստ հոդվածի հեղինակի, խաղաղության համաձայնագրի ուրվագծերը վաղուց պարզ էին. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում (ներառյալ Ադրբեջանի վերահսկողությունը նախկին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ), սահմանների սահմանազատում, իրավական պահանջներից հրաժարում և դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորում։ 

«Մարտին Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել այդ պայմաններով գործարքի հիմնական դրույթների շուրջ։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ օգնությամբ, պետք է շրջանակային համաձայնագրից անցնեն լիարժեք խաղաղության պայմանագրի։ 

Այդուհանդերձվ, շատ առանցքային խնդիրներ են մնում։ Երկու հարց, որոնք վաղուց բարդացրել են բանակցությունները, Բաքվի պահանջն են՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի էքսկլավի հետ կապող միջանցքի վերաբերյալ, և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք կապահովեն, որ ապագա հայկական կառավարություններն ընդունեն Լեռնային Ղարաբաղի կորուստը։ Հայաստանի դեմ ազգայնականների մոբիլիզացիան ևս մնում է Ալիևի քաղաքական օրինակարգության կարևոր տարրը։ 

Միջանցքի հարցը առանձնապես բարդ էր։ Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում, որ ռուսական զորքերն ապահովեն տարանցիկ փոխադրումը, ինչպես նախատեսված էր 2020 թվականի հրադադարի համաձայնագրով։ Հայաստանը մերժում էր իր ինքնիշխանությունը խաթարող ցանկացած արտաքին ներկայություն, մինչդեռ Ադրբեջանը պահանջում էր անարգել մուտք դեպի Նախիջևան։ Ադրբեջանի սպառնալիքները՝ գրավելու երթուղին և հարակից հայկական տարածքը, չօգնեցին իրավիճակին։ Վաշինգտոնի դիվանագիտության կուլիսներում առանցքային տարրը Միացյալ Նահանգներին միջանցքը զարգացնելու բացառիկ իրավունքներ տրամադրելու առաջարկն էր»,- ասվում է հոդվածում։ 

Ըստ Մանկոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղությունը հսկայական օգուտներ կբերեր տարածաշրջանի բնակիչներին, ամենակարևորը՝ «պաշտպանություն ապահովելով նոր պատերազմից»։

«Դա Ադրբեջանին կպաշտպաներ ղարաբաղի խնդրի վերակենդանացումից, միաժամանակ պաշտպանելով Հայաստանին Նախիջևան տանող տարանցիկ ճանապարհը գրավելուն ուղղված ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքից։ Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը կստանար ավելի սերտ ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ՝ խոստանալով էներգետիկ և ենթակառուցվածքային ներդրումներ (ներառյալ տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի առաջարկը) և վերացնելով պաշտպանական համագործակցության սահմանափակումները, որոնք կարող էին ամրապնդել երկրի դիրքերն ընդդեմ տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի և Իրանի։ Հայաստանը կշահի նաև ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացումից, որոնք փակ են 1990-ականների Առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր։

Rate this item
(0 votes)

Լրահոս