Կիրակի օրը Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 86-ի, հայտնում է Al Jazeera-ն։
Հուսիների հետ կապված «Al Masirah» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կիրակի օրը հարձակման թիրախ են դարձել Սանայում գտնվող նավթային օբյեկտը և էլեկտրակայանը: Իսրայելը նաև հայտարարել է, որ թիրախը Եմենի մայրաքաղաքում գտնվող նախագահական պալատն է եղել, որն, ըստ Իսրայելի, գտնվել է «ռազմական համալիրի» ներսում:
Ավելի վաղ հուսիները հայտարարել են Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին, ինչից երկու օր անց Իսրայելը հարվածներ է հասցրել։ Եմենի խմբավորման խոսքով՝ իրենց գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Իսրայելի վրա և ստիպել դադարեցնել վայրագությունները և Գազայի պաշարումը։