Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է տարածքային հարցերը քննարկել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով կողմերի միջև մարտի դաշտում առկա շփման գիծը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։
Վերջինս համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ջանքերն առաջընթաց են ապրում՝ առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի շնորհիվ։
«Երբ մենք խոսեցինք տարածքային հարցերի մասին, կարծում եմ՝ նախագահ Զելենսկին հստակեցրեց, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել դրանք, և տարածքային հարցի շուրջ զրույցների սկիզբը շփման գիծն է, որն այժմ կա»,-ասել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ Սպիտակ տանը հյուրընկալել էր Վոլոդիմիր Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին։ Բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել էր, որ տարածքային հարցը կլուծվի Մոսկվայի և Կիևի միջև, սակայն հանդիպման ճշգրիտ ամսաթիվ դեռևս չկա։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում նախատեսված չէ, բայց Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել նրա հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։