Եվրոպական միությունը պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները: Այս մասին ասվում է «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի մասին» շրջանակային համաձայնագրի վերաբերյալ Եվրամիության և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ:
Եվրամիությունը մտադիր է վերացնել ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը և շուկայի արտոնյալ հասանելիություն ապահովել ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար, նշվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար սահմանվում է 15% մաքսատուրք, իսկ եվրոպական ընկերությունները պետք է մինչև 2028 թվականը լրացուցիչ 600 միլիարդ դոլար ներդնեն ԱՄՆ-ում ռազմավարական տարբեր ոլորտներում:
Բացի այդ, ԵՄ-ն պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ և օժանդակությամբ։
«Այս պարտավորությունն արտացոլում է ռազմավարական համատեղ առաջնահերթությունը՝ խորացնելու անդրատլանտյան պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը, ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը և ապահովելու, որ եվրոպացի դաշնակիցները հանդերձված լինեն առկա ամենաառաջադեմ և հուսալի պաշտպանական տեխնոլոգիաներով», – ասված է փաստաթղթում։