Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։
«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», - ասել Է Արաղչին։
«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ ... իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», - ասել է Արաղչին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։
Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»: