ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր գնահատականն է հայտնել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջին զարգացումը։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Կրեմլը հավելում է, որ նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացմանը։
Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում ընդունել էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպայի ղեկավարներին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։
Ավելի վաղ Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմագերիների և զոհված զինծառայողների աճյունների փոխանակման շուրջ։