ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա «անհրաժեշտության դեպքում», հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հանդիպմանը անհրաժեշտության դեպքում, կհաջորդի եռակողմ հանդիպումը նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու և նախագահ Թրամփի միջև», – ասել է Լևիտը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը նպատակ ունեն հնարավորինս շուտ կազմակերպել ՌԴ նախագահի հանդիպումը Զելենսկու հետ՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ հանդիպումը դրական են որակել։ Պուտինը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել Է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հնարավորության մասին և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որպեսզի կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի:
Թրամփն, իր հերթին, նշել է, որ իրեն Պուտինի հետ հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրի «շատ կետեր», սակայն մի շարք հարցերի շուրջ դեռևս չկան պայմանավորվածություններ: Նույն օրը նա հարցազրույց է տվել Fox News-ին, որում ասել է, որ Ուկրաինայի շուրջ համաձայնության գալու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց։ ԱՄՆ-ի նախագահը նաև հնարավոր է համարել, որ Ռուսաստանի առաջնորդի առաջարկով հաջորդ հանդիպմանը կայցելի Մոսկվա:
Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը օգոստոսի 16-ին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ ռուս-ամերիկյան շփումների ընթացքում Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռ չի շոշափվել: