ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին տարածքներ զիջի ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահել թույլ տալը «ծուղակ է», որի մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ «մենք ընկնենք»։
Կալասը նաև խոսել է Ուկրաինայի համար հուսալի և ուժեղ անվտանգության երաշխիքների մասին՝ ընդունելով, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի շատ տարբերակներ չկան։
«Ամենաուժեղ անվտանգության երաշխիքն ուկրաինական ուժեղ բանակն է», – ասել է նա՝ շեշտելով, որ երաշխիքները չպետք է «լինեն միայն թղթի վրա»։
Կալասը նաև հայտնել է, որ «կամեցողների կոալիցիայի» անդամները պետք է որոշեն, թե ինչպիսի երաշխիքներ կարող են տրամադրել, և որ առայժմ պարզ չէ, թե Ուկրաինայում տեղակայվող հնարավոր ուժերն ինչպես են գործելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Ալյասկայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, եվրոպական մի քանի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար կողմերը ստիպված կլինեն տարածքներ փոխանակել։