ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Թրամփի նամակը հրապարակել է X սոցիալական ցանցում կիրակի՝ օգոստոսի 24-ին։
Ամերիկացի ժողովրդի անունից Թրամփը շնորհավորանքներ և անկեղծ մաղթանքներ է հղել Զելենսկուն և «Ուկրաինայի քաջարի ժողովրդին՝ անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ»։
«Ուկրաինայի ժողովուրդն ունի անսասան ոգի, և ձեր երկրի քաջությունը շատերի համար ոգեշնչման աղբյուր է։ Այս կարևոր օրը իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, մեծարում է ձեր զոհաբերությունը և հավատում է ձեր ապագային որպես անկախ ազգ», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ հիմա ժամանակն է «վերջ դնելու անիմաստ սպանություններին»։
«Միացյալ Նահանգները աջակցում է կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք կհանգեցնեն ամուր, երկարատև խաղաղության, կդադարեցնեն արյունահեղությունը և կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը», - հավելել է նա։