«Հրապարակ». Թշնամուց փող են ստացել
Օգոստոսի 19, 2025

«Հրապարակ». Թշնամուց փող են ստացել

By Մայիսի 30, 2025 33

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): 

Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, եւ «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»:

Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին:

Rate this item
(0 votes)

Լրահոս