Եգիպտոսը Սուեզի ջրանցքից տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում՝ Կարմիր ծովում նավագնացության իրավիճակի պատճառով։
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին Նյու Դելիում իր ելույթի ժամանակ։
«Մենք ամենաշատն ենք տուժել Կարմիր ծովի էսկալացումից. Եգիպտոսն, ընդհանուր առմամբ, տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլար է կորցնում և կորուստներ կրում», – ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Սուեզի ջրանցքով օրական երկու ուղղություններով անցնում է 20-25 նավ, մինչդեռ նախքան իրավիճակի սրացումն այդ ցուցանիշը կազմում էր օրական ավելի քան 75 նավ։
Աբդ ալ-Ատին նշել է, որ Կահիրեն ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով «համագործակցում է մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ»։
Մերձավոր Արևելքում էսկալացման նոր փուլից առաջ Սուեզի ջրանցքից Եգիպտոսի ստացած եկամուտը հասնում էր 10 միլիարդ դոլարի: Ջրանցքից ստացված եկամուտը համարվում է Եգիպտոսի բյուջեի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը և գանձարանի համար արտարժույթի կարևոր աղբյուր:
Այնուամենայնիվ, 2023 թվականի աշնանից ի վեր Եգիպտոսը կորցնում է ջրանցքից ստացված եկամուտը, քանի որ շատ նավեր ստիպված շարունակում են փոխել երթուղիները՝ զգուշանալով Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման հրետակոծությունից. հութիները Կարմիր ծովում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում հարձակումներ են իրականացնում առևտրային նավերի վրա՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի և ՀԱՄԱՍ շարժման։