ԱՄՆ-ը ընդլայնել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ ներառելով Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վերաբերյալ տեղեկատվություն, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից Կիեւին տրամադրված հետախուզական տվյալները վերաբերել են ռուսական էներգետիկ օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին, որոնք Թրամփի վարչակազմը նախկինում համարում էր անընդունելի թիրախներ։ Սպիտակ տունը խնդրել էր Ուկրաինային զերծ մնալ Ռուսաստանի նավթի, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց՝ մինչեւ գագաթաժողովը։ Սակայն երբ Թրամփը եւ Պուտինը լհեռացան Ալյասկայից՝ առանց խաղաղության համաձայնագրի, Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար այդ թիրախների վրա հարձակումները վերսկսելու «կանաչ լույս» վառեց , հաղորդել է CNN-ը։
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան այժմ ընդունել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների նպատակային ռազմավարություն: Կիեւը էներգետիկ հարվածները համարում է ռազմավարական արդյունքի հասնելու մնացած քիչ միջոցներից մեկը։
Հոկտեմբերի 17-ին արդեն Վաշինգտոն ժամանած Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ: Այս հանդիպման ընթացքում նա, ինչպես սպասվում է, կպնդի Ուկրաինային հեռահար «Թոմահավկ» հրթիռներ տրամադրելու հարցում, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին: CNN-ը հաղորդել է, որ Թրամփը վերջերս նշել է, որ «բաց է այդ գաղափարի համար»: Սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահը նշել է, որ «մեզ էլ են պետք «Թոմահավկները»:
Ալյասկայի գագաթաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Անքորիջի ռազմաբազայում: Սա Թրամփի եւ Պուտինի միջեւ առաջին անձնական հանդիպումն էր 2019-ից ի վեր: Հանդիպումից հետո հրադադարի համաձայնագիր չի կնքվել, չնայած Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների պնդմանը: Աշնանից ի վեր Ռուսաստանը կրկին սրել է Ուկրաինայի էներգետիկային վրա հարձակումները՝ ամբողջ քաղաքներ թողնելով առանց էլեկտրաէներգիայի:
Հոկտեմբերի 16-ին Թրամփը եւս մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը տեւել է մոտ երկու ժամ: Այս զրույցից հետո, ըստ Թրամփի, երկու առաջնորդները համաձայնել են իրենց պատվիրակությունների, ինչպես նաեւ անձնական հանդիպման վերաբերյալ, որը նախնականորեն նախատեսված է Բուդապեշտում: