Ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա թռիչքը դեպի Բուդապեշտ՝ Թրամփի հետ հանդիպման համար, կապված է լուրջ ռիսկերով։ Նրա խոսքով՝ Հունգարիան չունի ծովային սահման, իսկ Ռուսաստանը չի սահմանակցում այդ երկրի հետ, ինչը ստիպում է կառուցել բարդ և վտանգավոր օդային երթուղի՝ անցնելով անբարյացակամ պետությունների տարածքների մոտով։
Կոցը շեշտել է, որ Ուկրաինայի տարածքով անցնելը պարունակում է ուղղակի հարվածի վտանգ նախագահական ինքնաթիռի նկատմամբ, իսկ Բալթյան երկրներում և Գերմանիայում առկա են անհայտ անօդաչուների սպառնալիքներ։ Նա առաջարկել է ամենաանվտանգ տարբերակը՝ Թռիչքով անցնել Անդրկովկասով, Իրանի, Թուրքիայի, Միջերկրական ծովի, Չեռնոգորիայի և Սերբիայի տարածքով։ Լրագրողի գնահատմամբ՝ այցը «բարդ խնդիր է Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար», իսկ Արևմուտքը, մասնավորապես Մեծ Բրիտանիան, կարող է փորձել խոչընդոտել գործընթացը։
Նախօրեին Պուտինն ու Թրամփը ունեցել են երկու ժամ տևած հեռախոսազրույց, որի ընթացքում, ըստ Սպիտակ տան, ձեռք է բերվել «զգալի առաջընթաց»։ Կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում, իսկ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ երկիրը կապահովի առավելագույն անվտանգություն երկու առաջնորդների համար։ Ռուս փորձագետ Վլադիմիր Վասիլևի կարծիքով՝ այս հանդիպումը կարող է դառնալ Ռուսաստանի վերադարձի խորհրդանիշը դեպի Եվրոպա և հաղթանակ ռուսական դիվանագիտության համար, գրում է Лента.ру-ն։