«Զանգեզուրի միջանցքը» մասնավոր ընկերությանը փոխանցելու ամերիկա-թուրքական նախաձեռնությունը Հայաստանի ինքնիշխանությունից զրկելու և այն թուրքական ազդեցության ոլորտում ընդգրկելու տրամաբանական շարունակությունն է, գրում է «Кавказарь»-ի թելեգրամյան ալիքը։
Վերահսկողության առանցքային լծակները միևնույնն է՝ կմնան թուրքերի ձեռքում
Հայաստանի տարածքով հնարավոր տարանցումից ստացված եկամուտը կփոխանցվի այդ ամերիկյան ընկերությանը, ուստի հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում հայերի համար բացվող օգուտների մասին հայկական իշխանությունների ցանկացած պատմություն պարզապես հեքիաթներ են։ Շահող դուրս կգան ուրիշները։ Դա տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու գինն է։
Սակայն միջանցքը դեռ պետք է կառուցվի, ինչը լեռնային տեղանքում չափազանց դժվար խնդիր է», - նշել է ռեսուրսը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը լրագրողներին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։
Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը Բաքուն շարունակում է մի շարք լրացուցիչ պայմաններ թելադրել։
Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է նրա էքսկլավ Նախիջևանի հետ։
Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։
Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։
32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։
«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», - նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։