Անօդաչու թռչող սարքեր են նկատվել Էսբյերգի, Սյոնդերբորգի օդանավակայանների և Սկրիդստրուպի ավիաբազայի մոտակայքում։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ժամը 21:44-ին ստացվել է դանիական Օլբորգի օդանավակայանի վրայով անօդաչու թռչող սարքերի մասին առաջին հաղորդագրությունը։ Այն մի քանի ժամով փակ է եղել, հաղորդում է DW-ն։
Բոլոր օդանավակայաններն արդեն բաց են օդանավեր ընդունելու և ուղարկելու համար։
Դանիայի ոստիկանությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը ինքնուրույն են հեռացել, դրանք չի հաջողվել վնասազերծել։ Ոչ ոք չի ձերբակալվել։ Ոստիկանության տվյալներով՝ դրոնները «թռչում էին միացված լույսերով, դրանք նկատել են գետնից»։
Սկրիդստրուպի ավիաբազայում տեղակայված են F-16 և F-35 կործանիչներ։ 2025 թվականի մայիսին հաղորդվել է, որ այս բազա են ժամանել չորս նոր F-35 կործանիչներ, որոնք Դանիան պատվիրել է իր ռազմաօդային ուժերի արդիականացման համար։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Կոպենհագենի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի նկատման նախորդ միջադեպից հետո, վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ երկիրը բախվում է «կարևոր ենթակառուցվածքների վրա ամենալուրջ հարձակմանը»։