Շրի Լանկայում ճոպանուղու փլուզման հետևանքով յոթ բուդդայական վանական է մահացել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mirror-ին։
Իշխանությունները կարծում են, որ վթարի պատճառը վանականներին լեռան գագաթ տանող վագոնը պահող մալուխի պոկված լարն է։
«Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում, երբ 13 վանականներ սրբավայրում կրոնական ծեսեր կատարելուց հետո վերադառնում էին վանք», – հայտնում է պարբերականը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Նշվում է, որ երկու վանականների հաջողվել է դուրս ցատկել ընկնող վագոնից և փրկվել թեթև վնասվածքներով, մինչդեռ ևս չորսը ծանր վիրավորվել են։
Ոստիկանության տվյալներով՝ մահացած վանականներից երեքը օտարերկրյա քաղաքացիներ էին Ռուսաստանից, Ռումինիայից և Հնդկաստանից։