Չինաստանը զարգացնում է հարաբերություններ բոլոր երկրների հետ, և դրանք ուղղված չեն երրորդ կողմերի դեմ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքն այն մասին, թե Չինաստանը, Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն դավեր են նյութում Միացյալ Նահանգների դեմ:
«Չինական կողմը հրավիրել է օտարերկրյա հյուրերին՝ մասնակցելու Չինաստանում համապատասխան միջոցառումներին՝ նվիրված Ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում չինացի ժողովրդի հաղթանակի 80-րդ տարեդարձին, որպեսզի խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ միասին հիշեն պատմությունը, հիշեն նախնիներին, թանկ գնահատեն խաղաղությունը և կերտեն ապագան:
Չինաստանի կողմից որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ», – դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Պեկինի զորահանդեսը, ՉԺՀ նախագահին խնդրել էր ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին։
«Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – գրել էր նա Truth Social-ում: