Կանայք ավելի լավ են հասկանում սոցիալական հարաբերությունները մասնագիտական միջավայրում: Նրանք ավելի ճշգրիտ են որոշում, թե ով ում հետ է կապված և ավելի լավ են հիշում հարաբերությունների կառուցվածքը: Որքան էլ պարադոքսայնորեն է հնչում, այդ ունակությունը կարող է օգնել պարզաբանել, թե ինչու են կանայք թերներկայացված մնում որոշակի ազդեցիկ պաշտոններում: Նման եզրակացությանն է հանգել Էրիկ Քվինտանայի (ESMT Բեռլին), Մեթյու Բրաշիրի (Հարավային Կարոլինայի համալսարան), Հելենա Վ. Գոնսալես-Գոմեսի (NEOMA բիզնես դպրոց) և Ռայնա Բրենդսի (UCL կառավարման դպրոց) վերջերս անցկացված համատեղ ուսումնասիրության մեջ:
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Personnel Psychology բժշկագիտական հանդեսում:
10 հազարից ավելի մասնակիցների ընդհանուր նմուշով երեք ուսումնասիրությունների ընթացքում հստակ օրինաչափություն բացահայտեցին. կանայք ցանցային կապերի ավելի ճշգրիտ հիշողություն ցուցաբերեցին, հատկապես հագեցած և սերտ կապեր ունեցող ցանցերում: Այդ առավելությունը նկատվել է Միացյալ Նահանգներում անցկացված լայնածավալ հարցման, MBA ուսանողների շրջանում իրական կյանքում բարեկամական հարաբերությունների վերլուծության և աշխատող մասնագետների հետ առցանց փորձի ժամանակ:
Սակայն, հենց որ մասնագիտական ցանցերը դառնում են ավելի բաց և պակաս փոխկապակցված, այսինքն՝ երբ ի հայտ են գալիս այսպես կոչված կառուցվածքային բացեր, այդ առավելությունը վերանում է։ Կառուցվածքային բացեր առաջանում են, օրինակ, միջֆունկցիոնալ նախագծային թիմերում, որտեղ անդամներն ունեն սահմանափակ ուղիղ կապեր և տեղեկատվության հոսքերը մի քանի մարդկանց միջոցով, կամ ոչ ֆորմալ կառավարման ցանցերում, որտեղ հիմնական անհատները միավորում են այլ դեպքերում միմյանց հետ կապ չունեցող որոշում ընդունողներին։ Երկու դեպքում էլ ազդեցության հասանելիություն են ստանում հատման կետում գտնվող մարդիկ։ Նմանատիպ ցանցերում կանայք կորցնում են իրենց առավելությունը տղամարդկանց նկատմամբ։
«Կանայք, ըստ երևույթին, ավելի շատ են ապավինում նույն երրորդ կողմի հետ կապված երկու մարդկանց միջև հարաբերություններ ենթադրող եռյակ փակման մտավոր սխեմային։
Այդ կարճ ճանապարհը մեծացնում է նրանց ճշգրտությունը սերտորեն կապված թիմերում, բայց ստեղծում է ուրվական կապեր կառուցվածքային բացերով նոսր ցանցերում, ինչը նման պայմաններում խաթարում է նրանց առավելությունները»,- նշել են հետազոտության հեղինակները։
Արդյունքները վկայում են, որ կազմակերպությունները հարկ է տեղյակ լինել սոցիալական ցանցերի ճանաչողական ընկալման այդ տարբերություններից՝ ապահովելու համար, որ կանայք և տղամարդիկ հավասար հասանելիություն ունենան հիմնական պաշտոններին, որտեղ կարևոր է ճանաչել և վերացնել ցանցային կապերի բացերը։