Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել ենք, որ Արսեն Թորոսյանին գործադիր տեղափոխելու Փաշինյանի որոշումը թիմում միանշանակ չի ընդունվել, մեծ մասն ապշած է՝ ինչպես քովիդի մեղադրյալի աթոռից մի կերպ խուսափած Թորոսյանը նշանակվեց բարձր պաշտոնի, որը ոչ վաղ անցյալում ՔՊ-ում ընդդիմադիրի դեր էր ստանձնել ու քննադատում էր իրավապահներին։
Պատասխանն ակնհայտ է` նա անձնուրաց, մինչեւ հոգու խորքը ծառայում է Փաշինյանին, երկրորդում նրան ամեն ինչում:
Եվ ցույց է տվել, որ ՔՊ-ում ամենանպատակասլացն է` անշեղորեն պայքարում է պաշտոնի հասնելու համար, չի կոտրվել, երբ Փաշինյանի հրահանգով թիմը նրա դեմ է դուրս եկել, չի հուսահատվել եւ կրկին շահել է շեֆի վստահությունը:
Երեկ, Թորոսյանի պաշտոնապես նշանակումից հետո, ոմանք գրազ էին գալիս՝ արդյոք գործադիրում է՞լ Թորոսյանը նույն «սկզբունքային տղան» կմնա եւ աշխատասենյակի իր պատից չի կախի Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչպես խորհրդարանի իր աշխատասենյակում չկախեց։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բոլոր ՔՊ-ականներին իրենց աշխատասենյակներում պատից «հսկում» էր Փաշինյանը, ինչպես նրանք են ասում՝ «մորուքը», Արսեն Թորոսյանն այդ կանոնին չէր ենթարկվել` այն դեպքում, որ անգամ խմբակցության անկուսակցական պատգամավորները չէին համարձակվել հակադրվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։
Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա:
Երեւի մտածել է` եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ:
Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսեւորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա եւ իշխանություններին հավաստում հարգանքդ:
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել ՀՀ վարչապետի` իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը եւ փորձել են խոչընդոտել:
Մասնավորապես` տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի` այցին մասնակցության առումով եւ այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ` կերեւա մի քանի օրից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նորից կադրային շախմատ է խաղում։ Նա թիմն է ռեստարտ անում 2026-ին ընդառաջ, իսկ ընդդիմությունը դեռ չի հասցրել դիրքավորվել:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ոչ միայն Կառավարության կաբինետում, այլև մարզերում։
Փաշինյանը հերթական անգամ փորձում է թարմացնել իր թիմը՝ ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով, սակայն հարցը մնացել է նույնը. արդյո՞ք կադրերը փոխելով լուծվելու է համակարգային ձախողումը։
Իսկ այս ընթացքում՝ գերիների վերադարձի հարցը մնում է չլուծված, ավելին՝ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է դատական ֆարսերը հայ գերիների նկատմամբ: Այսինքն՝ խաղաղությունն ու հակաթշնամանքը դեռ տեղ չեն հասել:
Հայկական դատարաններում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով ֆարսային գործընթացները, տասնյակ քաղբանտարկյալներ կալանքի տակ են՝ միայն խոսելու և իշխանությունից տարբերվող կարծիք ունենալու և այն արտահայտելու համար:
Իսկ ընդդիմությունը փորձում է նոր ալիք բարձրացնել սեպտեմբերի 2-ին հանրահավաք նախապատրաստելով՝ նվիրված Արցախի անկախության հռչակման տարելիցին։
Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանությունը զբաղված է կադրերին թարմացնելով, ընդդիմությունը՝ պայքարի նոր շրջափուլով, իսկ հասարակությունը սպասման անվերջ ռեժիմում է՝ գերիների վերադարձի, արդարության վերականգնման ու պետական պատասխանատվության ակնկալիքով»։
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ։ Օգոստոսի 27-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ը մոտենում է դասագրքերի բացակայության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բացարձակ անպատասխանատվության պայմաններում։ Ոչինչ չէր փոխվել ամառային արձակուրդներից հետո. նախարարը նույն ագրեսիան էր ցուցաբերում, միայն թե նոր՝ կտրուկ սանրվածքով:
Տեղեկացնենք, որ Հայաստանի շուրջ 413.112 աշակերտներ սեպտեմբերի 1-ին դպրոց են գնալու առանց անհրաժեշտ դասագրքերի։ Այո՛, ճիշտ կարդացիք՝ դասագրքեր չկան։ Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ ավելի քան տասը դասագիրք, այդ թվում՝ ֆրանսերեն (5-11-րդ դասարան), Հայոց պատմություն, Քիմիա, Կենսաբանություն, Հանրահաշիվ, ինչպես նաեւ Ռազմագիտություն, պարզապես բացակայում են, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի եւս «չհասցրեց» տպագրել դրանք:
Սա սովորական վարչարարական ձախողում չէ. սա կրթական համակարգի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է, որի հետեւանքները կրում են աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները։
Այս ֆոնին երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ փորձելով քողարկել ձախողումների շղթան՝ կոպիտ, ագրեսիվ ու վիրավորական վարքագիծ դրսեւորելով։
Լրագրողների պարզաբանում պահանջող հարցերը նախարարը որակեց որպես «իմաստազուրկ», իսկ լրագրողներին՝ իրավական գիտելիքներից զուրկ՝ ուղղակիորեն ասելով.
«Ես չեմ կարող զբաղվել ձեր լրագրողական կրթությամբ….»:
«Ցավում եմ էն կրթական մակարդակի համար, որ տեսնում եմ….»:
«Գնացեք սովորեք՝ օրենքը շրջաբերականից տարբերել….»:
«Հարցերը իմաստազուրկ են, դուք հարց չեք ձեւակերպում….»:
Սա չի կարող բնութագրվել այլ կերպ, քան իշխանական ցինիզմ, բարձրաձայն արհամարհանք հանրության հանդեպ ու ճնշում լրագրողական ազատության նկատմամբ։
Նախարարը նույն ասուլիսում մեղադրեց լրագրողներին՝ իբր «մանիպուլացնում» են Ակադեմիական քաղաքի գաղափարը՝ նշելով, թե այն նախատեսված է 44 հազար ուսանողի համար, մինչդեռ կա մոտ 80 հազար ուսանող։
«Ժողովուրդ» օրաթերթը սույնով դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սկսելու ծառայողական վարույթ ԿԳՄՍ նախարարի վարքագծի վերաբերյալ։ Պետական պաշտոնյան, որը հրաժարվում է պատասխանել հանրային հարցերին ու փոխարենը վիրավորում է լրագրողներին, չի կարող եւ չպետք է շարունակաբար մնալ առանց վերահսկողության։
Հիշեցնենք, որ նախարարը ձկան նման լռեց այն ժամանակ, երբ իրապես պետք է պատշաճ վարքագիծ դրսեւորեր. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցում տեղադրված ցնցուղը պոկեց պատից եւ նախարարին հրահանգեց ճշտել դրա գինը:
Ժաննա Անդրեասյանն այնքան անպատասխանատու է գտնվել, որ ցայսօր չի հայտնում նաեւ՝ ի վերջո այդ ցնցուղն ի՞նչ արժեր, արդյո՞ք պետական միջոցները արդյունավետ էին ծախսվել»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառում է արել, որտեղ ասվում է․
««Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաեւ «Մերժիր Արցախը»։
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակման օրն է։
Ակնհայտ փաստ է,որ 1988-2018թթ. հայության Հաղթանակի տարիներն էին։
Եվ այդ հաղթական ոսկեդարը նախ եւ առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով,որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։
Բայց կային ուժեր թե տարածաշրջանում,եւ թե գլոբալացված աշխարում ,ում նման իրողությունն ակնհայտ չէր գոհացնում։
Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի,որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք,որ լավ ապրենք»,ինչպես նաեւ սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջեւ։
Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների,ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։
Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը ։
Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։
Ինչու՞, քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։
Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը,սակայն 2018-ին,օգտվելով նաեւ հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից ,իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան ,որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։
ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը չընկնել այդ հակահայկական թակարդը։
Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։
2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։
Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում ,այլ նաեւ թե Զագրեբում,եւ թե Մոսկվայում,թե Բրյուսելում եւ թե նույնիսկ Սախալինում։
Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։
Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից»,այնուհետեւ գոռացին «Արցախը Հայաստան է եւ վերջ» ,եւ բերելով պատերազմ ՝2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։
Իսկ 2022-ի ապրիլից սկսած,թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Շառլ Միշելի արեւմտյան հարթակում,2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։
Դա փաատացի «կանաչ լույս« էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։
Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։
Ինչու՞,քանի որ նաեւ չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։
Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։
Չէ որ Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում,որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։
Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր,որը փաստացի ձեռնտու չէր թուրքական ու թրքահպատակ ուժերին։
Նպատակը մեկն է՝ ամբողջությամբ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը»։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։
Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։
Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, մեղմացնել իր դիրքորոշումը Կիևի ԵՄ-ին անդամակցության հարցում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։
«Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Ուկրաինայի անդամակցության շուրջ ստեղծված փակուղին կարող է հաղթահարվել առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով Բուդապեշտի վրա ճնշումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն դեռ հրապարակավ չի նշել իր դիրքորոշման փոփոխության մասին։
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է NBC News-ը։
Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը տեղեկացվել է «ողբերգական կրակոցների» մասին։
«Տեղեկացված եմ ողբերգական կրակոցների մասին: Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Միացեք ինձ, աղոթենք բոլոր տուժածների համար»,- գրել է Թրամփը։