Արամ Առաջինի արձագա՞նք, թե՞ չարձագանք. անընդունելին ոչ թե իշխանության հարցադրումներն են, այլ դրանց ձև՞ը
Հունիսի 10, 2025

Արամ Առաջինի արձագա՞նք, թե՞ չարձագանք. անընդունելին ոչ թե իշխանության հարցադրումներն են, այլ դրանց ձև՞ը

Տեղեկություն է տարածվել, որ Արամ Առաջին Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական կենտրոնի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև իշխանություն-եկեղեցի թեմային, որ ծավալվում է Հայաստանում:

Հիշեցնեմ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տևական ժամանակ է՝ որևէ կերպ չի անդրադարձել թեմային՝ պահպանելով լռություն: Մեծ հաշվով, Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստի արձագանքը շատ մեծ վերապահումով է հնարավոր գնահատել իբրև Արամ Առաջինի արձագանք: Այո, Արամ Վեհափառն այդ հարթակը նախագահում է, բնականաբար, նա ևս «հեղինակ» է: Բայց, այդուհանդերձ, դա ինչ-որ հավաքական հարթակին արձագանք է ինքնին, իսկ դրանից բացի, ունի կարծես թե բավականին ուշագրավ տողատակ կամ համատեքստ:

«Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որոնք ներհասարակական լարվածություն են ստեղծում»:

Նկատեք, խորը մտահոգություն է արտահայտվում ոչ թե բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ Հայաստանի իշխանության հրապարակումների առնչությամբ, այլ դրանց պատճառով առաջացած մթնոլորտի: Հարց է առաջանում, արդյո՞ք մտահոգությունների առնչությամբ չկա մտահոգություն, այլ խնդիրը մթնոլորտն է: Եվ շարունակությունն էլ այդ հարցի որոշակի պատասխան է, կարծես թե՝ «Անընդունելի է համարվում հարցերն այս ձևով բարձրացնելն ու արծարծելը»:

Այսինքն, անընդունելին ոչ թե իշխանության հարցադրումներն են, այլ դրանց ձև՞ը:

Համենայն դեպս, սա շատ բազմիմաստ արձագանք է, որը, թերևս, առաջ է բերում հարցեր և արտահայտում այն ինստիտուցիոնալ նրբերանգները, որի մասին խոսել էի օրեր առաջ, անդրադառնալով Արամ Վեհափառի լռությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Rate this item
(0 votes)

Լրահոս