Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։ Այս մասին գրում է Newsweek-ը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության հանձնակատարի թեկնածության քննարկումից հետո, նախարար Բեսենթը Մասկին հիշեցրել է դաշնային ծախսերը 1 տրիլիոն դոլարով կրճատելու խոստման մասին։ Բեսենթը նրան մեղադրել է «խարդախության» համար և անվանել «իսկական խարդախ», ինչին Մասկը կտրուկ է արձագանքել։ Դրանից հետո Մասկը Բեսենթին ուսով հրել է, ինչը հանգեցրել է նախարարի հակահարվածին, և կռիվը շարունակվեց մինչև երրորդ անձանց միջամտությունը։
«Սքոթ Բեսենթը դիմել է Մասկին և ասել․ «Դու խոստացել էիր մեզ 1 տրիլիոն դոլարի կրճատումներ, իսկ հիմա մոտ 100 միլիարդ է... Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ ես անում»», - պատմել է Բենոնը:
«Եվ հենց այդ պահին Իլոնը ֆիզիկապես արձագանքել է։ Դա նրա ցավոտ թեմա է: Դա վեճ չէր, դա ֆիզիկական բախում էր։ Իլոնն ուղղակի հրեց նրան: Բախումից հետո Թրամփը 100 տոկոսով աջակցել է Բեսենթին», - հավելել է Բենոնը։