Իլոն Մասկը ջնջել է X-ում ավելի վաղ կատարած իր հրապարակումը, որում պնդում էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։
Հղումով անցնելիս հրապարակումն այլևս հասանելի չէ։
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարը նշվում է Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերում։ «Ժամանակն է իսկական ռումբ պայթեցնելու․ նախագահ Դոնալդ Թրամփը նշվում է Էփշտեյնի գործում։ Սա է իրական պատճառը, թե ինչու ֆայլերը չեն հրապարակվում։ Հաճելի օր, Դոնալդ Թրամփ», - ասվում էր Մասկի հաղորդագրության մեջ։
Էփշտեյնը 2019 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, որոնց համաձայն՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների այցեր Մանհեթենի իր տուն, որոնցից ամենաերիտասարդը 14 տարեկան էր։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում եղել են մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։