ՆԱՏՕ-ի առաջնորդների խոստումը՝ ապագայում Ուկրաինան իրենց շարքերը ընդունելու մասին, կմնա ուժի մեջ, նույնիսկ եթե դրա մասին չհիշատակվի դաշինքի առաջիկա գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք ասել ենք, որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը անշրջելի է։ Եվ այդ գնահատականը չի փոխվի նաև գագաթնաժողովից հետո։ Չեմ բացառում, որ Նիդեռլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում այդ թեման չի արտացոլվի։ Եթե դա չլինի կոմյունիկեում, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չի լինի», – հավաստիացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայի հետ կապված թեմատիկան կոմյունիկեում, հավանաբար, կլինի։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պարտադիր չէ, որ բոլոր գագաթնաժողովներում կրկնի իր արդեն հայտնի դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ։
Ռյուտեն հիշեցրել է, որ այս պահին ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա այն մասին, թե արդյոք ժամանակը հասունացել է Ուկրաինային դաշինք ընդունելու համար։