Զուրաբյանը հրապարակել է ԼՂ–ի մասին նախագծի մանրամասները, որը ՄԽ-ն առաջարկել է Փաշինյանին
Հուլիսի 18, 2025

Զուրաբյանը հրապարակել է ԼՂ–ի մասին նախագծի մանրամասները, որը ՄԽ-ն առաջարկել է Փաշինյանին

By Հուլիսի 17, 2025 4

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրապարակել է 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկված Ղարաբաղյան կարգավորման նախագծի մանրամասները:

«2019 թվականին Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է 2 առաջարկ, մեկը՝ ապրիլին, մյուսը՝ հունիսին։ Սրանք ամբողջությամբ նոր բովանդակությամբ փաստաթղթեր էին, քանի որ առաջին անգամ դրանցում բացակայում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հստակ մեխանիզմը»,– գրել է Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում։

Նա ներկայացրել է ծրագիրը` առաջարկվում էր վերադարձնել հինգ շրջանները, իսկ Լաչինի և Քելբաջարի ոչ միջանցքային հատվածները՝ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Լաչինը և Քելբաջարը, մնում էին հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը համաձայներ մի կարգավիճակի, որը ընդունելի կլիներ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի համար: Սրանից էլ լավ ծրագի՞ր»,– եզրափակել է Զուրաբյանը:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ չի ուղարկել: Նրա խոսքով՝ իրեն փոխանցել են Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները։

Rate this item
(0 votes)

Լրահոս