«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է
Ապրիլի 16, 2025

«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։

Եթե հանձնաժողովը պատգամավորի արարքում «հանցակազմ» տեսնի եւ համարի, որ պետք է նրա վարքը քննարկման առարկա դառնա, կներկայացնեն պատգամավորներին։ Իսկ նախագիծը դեռ չի ընդգրկվել հանձնաժողովի օրակարգում, եւ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ ջրելու են հարցը։

Երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց, թե ինչու են հարցի քննարկումը հետաձգել․ «Հարմար չի եղել՝ չենք քննարկել», եւ հավատացրեց, որ անպայման կքննարկվի, հավելեց, որ մտադրություն կա ոչ թե ժամանակավոր, այլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել․ «Շատ վատ է, որ մինչեւ հիմա չունենք էթիկայի հանձնաժողով»։

Տեղեկացանք, որ քննարկում են ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծեն, որի կազմը կձեւավորվի հավասար համամասնությամբ` եթե ընդդիմադիր պատգամավորի վարքը քննարկեն, գլխավորի իշխանական պատգամավոր, եթե իշխանականի՝ ընդդիմադիր։

Եվ հանձնաժողովը կարողանա պատժամիջոցներ նախատեսել` ներկայում ընդամենը կարող է արձանագրել, որ պատգամավորն էթիկա է խախտել։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ասում են, բավականին մարտական է տրամադրված, հավաքել է իր բոլոր կոլեգաների՝ լրագրողների հետ ունեցած միջադեպերը, որոնք արժանի էին էթիկայի հանձնաժողովի քննության, բայց ջրվել են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս