Վրաստանում հայտարարվել է «Meet Dilijan» նախաձեռնության մեկնարկի մասին, որը Դիլիջան քաղաքը ներկայացնում է որպես զբոսաշրջային ուղղություն։
«Գրուզիա Օնլայն»-ը հաղորդում է, որ նախաձեռնության նպատակն է ցուցադրել Դիլիջանի եզակի առանձնահատկությունները որպես առաջատար զբոսաշրջային վայր՝ տեղացի և միջազգային ճանապարհորդների համար։
Նախագծի նպատակն է Դիլիջանն ավելի հանրաճանաչ դարձնել Վրացական շուկայում և նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:
«Դիլիջանը մեր երկրի ամենագեղատեսիլ անկյուններից մեկն է, որը գտնվում է Թբիլիսիի և Երևանի միջև։ Այն Հայաստանի հետաքրքիր և արագ զարգացող քաղաք է։ Խորհրդային տարիներին այն հայտնի էր իր առողջարաններով, իսկ այսօր դարձել է զբոսաշրջային կենտրոն։ Մենք ուրախ ենք, որ Վրաստանից Դիլիջան այցելող ճանապարհորդների թիվը նույնպես շատ մեծ է։ Վերջին տարիներին Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը աճում է», - նշել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
«Հայաստանը մեր համատեղ տուրերի հիմնական ուղղություններից մեկն է դառնում և ես հույս ունեմ, որ այսօրվա շնորհանդեսը նոր բիզնես հնարավորություններ կբացի: Այս համատեղ արտադրանքի մեկնարկը ցույց է տալիս մեր աճող ուժը և տարածաշրջանային համագործակցության նկատմամբ մեր հանձնառությունը», - ասել է Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի նախագահ Նատալիա Կվաչանտիրաձեն:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն իր ելույթում նաև նշել է, որ զգալի ներդրումներ կկատարվեն Դիլիջանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Դիլիջանն անկասկած կդառնա կարևոր տարածաշրջանային կենտրոն։ Նա հույս է հայտնել, որ վրացի զբոսաշրջիկները Դիլիջանը կբացահայտեն նոր կողմից։