Իսպանիայում երեք քաղաքական գործիչներ հրաժարական են տվել վերջին տասը օրվա ընթացքում՝ աշխատանքային ինքնակենսագրություններում իրենց կրթության մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով, հաղորդում է ТАСС-ը։
Հրաժարականի մասին հուլիսի 23-ին առաջինը հայտարարել է պահպանողական Ժողովրդական կուսակցության պատգամավոր Նոելիա Նունյեսը։ Ինչպես պարզվեց, նա կեղծ տեղեկություններ է տրամադրել իր կրթության մասին Պատգամավորների կոնգրեսի համար ներկայացված փաստաթղթերում։
Նրանից հետո՝ հուլիսի 31-ին, հրաժարական է տվել ջրհեղեղի հետևանքների վերացման կառավարության հանձնակատար Խոսե Մարիա Անխելը։ Մամուլի տվյալներով՝ նա կեղծ դիպլոմ է օգտագործել Վալենսիայի նահանգային խորհրդում ավելի բարձր պաշտոն և ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար։
Օգոստոսի 1-ին հրաժարական է տվել Էքստրեմադուրայի կառավարության վարչության ղեկավար Իգնասիո Իգուերո դե Խուանը։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ նա իրեն մարքեթինգի աստիճան է վերագրել, որը ենթադրաբար ստացել է 1993 թվականին, չնայած այդ ժամանակ Իսպանիայում պաշտոնապես նման աստիճան գոյություն չուներ։
Ավելի վաղ հայտնի դարձավ Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասի հրաժարականի մասին, որը հաստատել էր նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Պալուցկասը ևս լքել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնը, սակայն հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը՝ սահմանափակվելով միայն գրավոր հայտարարությամբ։