Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ընթացիկ քաղաքական հարցեր ենք քննարկել, այդ թվում արտահերթ ընտրությունների հավանականության մասին։ Այս մասին ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետեւաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով, չի քննարկվել եկեղեցու դեմ ՔՊ–ի նախաձեռնած արշավը. «Եկեղեցու վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չունենք, էն մարդիկ, ովքեր եկեղեցուն ոչ վայել կյանքով են ապրում, իրենք մեր կարծիքով իրավունք չունեն եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնեն»։
Անդրադառնալով «Թրամփի երթուղուն» եւ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերահսկվելու ճանապարհը, Պապոյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ոճով. «Ինչպե՞ս, ինչպե՞ս, օրինակ ոնց որ հարցնեք՝ 2027թ.–ին հարկերն ինչպես են հավաքագրվելու, դրան կարող է պատասխանել 2026թ.–ին ձեւավորվող Ազգային ժողովը»։
Լիբանանը հինգշաբթի հայտարարել է, որ սկսում է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների ծրագրված զինաթափումը, որը զենքի նկատմամբ պետական մենաշնորհ հաստատելու ավելի լայն ջանքերի մի մասն է, հաղորդում է Reuters-ը։
Ծրագրված զինաթափումը սկսվել է հինգշաբթի Բեյրութի Բուրջ ալ-Բարաջնե ճամբարից Լիբանանի բանակին զենքի փոխանցմամբ, հայտնել են Լիբանանի վարչապետի գրասենյակից։
Այդ քայլը նախատեսված է ավելի լայն զինաթափման ջանքերի մեկնարկը նշելու համար, որի շրջանակում առաջիկա շաբաթներին Բուրջ ալ-Բարաջնեից և երկրի այլ ճամբարներից սպասվում են ավելի շատ մատակարարումներ, ասված է գրասենյակի հայտարարության մեջ։
ՖԱԹՀ կուսակցության խոսնակը Reuters-ին հայտնել է, որ մինչ այժմ 24 ժամ առաջ ճամբար հասցված միայն անօրինական զենքն է հանձնվել։
Նոյեմբերին Իսրայելի հետ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող հրադադարի շրջանակում Լիբանանը պարտավորվել է սահմանափակել զենքի վաճառքը վեց կոնկրետ կառավարական անվտանգության ուժերին՝ մարտահրավեր նետելով «Հըզբոլլահ»-ին։
Կառավարությունը հանձնարարել է բանակին մինչև տարեվերջ մշակել զենքի նկատմամբ պետական մենաշնորհ հաստատելու ծրագիր։ Պաղեստինյան խմբավորումներին զինաթափելու նախաձեռնությունը մայիսի 21-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի միջև կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնագրի մի մասն է, որը վերահաստատել է Լիբանանի ինքնիշխանությունը և այն սկզբունքը, որ միայն պետությունը պետք է զենք ուենենա, ասված է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Երկու օր անց լիբանանցի և պաղեստինցի պաշտոնյաները համաձայնության են եկել զինաթափման ժամանակացույցի և մեխանիզմի շուրջ։
Պաղեստինյան խմբավորումները վաղուց արդեն համեմատաբար ինքնուրույն են գործել Լիբանանի 12 փախստականների ճամբարներից մի քանիսում, որոնք հիմնականում տեղակայված են լիբանանյան պետության իրավասության սահմաններից դուրս։ Վերջին զենքի փոխանցումը վերջին տարիների ամենալուրջ փորձն է ճամբարներում զենքի պահեստավորման խնդիրը լուծելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են բարձր մակարդակի քննարկում, լավ մշակվեն․ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել նաև պարոն Զելենսկու հետ՝ հասկանալով, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են բարձր մակարդակի քննարկում, լավ կմշակվեն, և փորձագետները, նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ», – ասել է նա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքում։
Ադրբեջանը միակ երկիրն է, որը հասել է լիակատար և բացարձակ հաղթանակի։ Նման հայտարարություն է արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևր։
Նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը ճանաչել է Հայրենական պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունից(խմբ․ Արցախի օկուպացիա) հետո Ադրբեջանի ստեղծած նոր իրողությունները:
Նրա խոսքով՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը ձախողվեցին, իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը, իբր, վերականգնել է տարածքային ամբողջականությունը և ստիպել ստորագրել կապիտուլյացիայի ակտը՝ դառնալով տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:
Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող գործընթացների անկանխատեսելիությունը: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը օկուպացված Քարվաճառ կատարած այցի ժամանակ։
Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները, նշել է նա։
Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Դա նման է մի գերազանց սպորտային թիմի, որն ունի ֆանտաստիկ պաշտպանություն, բայց իրավունք չունի հարձակում խաղալ։ Հաղթելու ոչ մի հնարավորություն չկա։ Այդպես է Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում։ Ուկրաինան, գտնվելով զուտ պաշտպանական իրավիճակում, Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթելու դիրքում չէ։ Անազնիվ և խիստ անձեռնահաս Ջո Բայդենը Ուկրաինային թույլ չէր տա հակահարված տալ, միայն պաշտպանվել։ Ի՞նչ պատահեց։ Ամեն դեպքում, սա պատերազմ է, որը երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի՝ ԶՐՈՅԱԿԱՆ ՇԱՆՍ։ Առջևում հետաքրքիր ժամանակներ են»,- նշել է նա։
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել են Գազայի հատվածում գտնվող բժշկական անձնակազմին և միջազգային կազմակերպություններին քաղաքի վրա ռազմական վերահսկողությունը ստանձնելու նախատեսված գործողությունից առաջ անկլավի հարավային հատված բնակչության տարհանմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։
Այս մասին հայտնել է ԻՊՈւ մամուլի խոսնակի բաժինը։
«Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածից հարավ գտնվող բնակչության տարհանման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում՝ սեփական անվտանգության համար, ԻՊՈւ-ի Գազայի համակարգող ստորաբաժանումը երկու օր առաջ նախնական զանգեր է կատարել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում գտնվող բժշկական անձնակազմին և միջազգային կազմակերպություններին՝ անկլավի հարավային հատված բնակչության տարհանմանը նախապատրաստվելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի սպաները բուժաշխատողների ուշադրությունը հրավիրել են հարավային հատվածում հիվանդների և վիրավորների ընդունման համար նախատեսված հիվանդանոցային ենթակառուցվածքների փոփոխությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների խնդրանքներին համապատասխան անհրաժեշտ բժշկական սարքավորումների մատակարարման ավելացման վրա։
Զինվորականները նաև տեղեկացրել են Գազայի բժշկական անձնակազմին բժշկական սարքավորումները Գազայից անկլավի հարավ տեղափոխելու անհրաժեշտության մասին՝ ապահովելու համար, որ գոտու հարավային մասում գտնվող բոլոր հիվանդները բուժվեն և հիվանդանոցները պատրաստվեն հյուսիսից հիվանդներին ընդունելու համար:
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարել էր, որ գործողությանը նախապատրաստվելու համար մոտ 60,000 պահեստազորի զորակոչի ծանուցում է ուղարկվել:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել առևտրային «Շրջանակային համաձայնագրի» մասին, որն ուրվագծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին գործարքի մասին հայտարարությունից մի քանի շաբաթ անց։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս շրջանակային համաձայնագիրը դիտարկում են որպես գործընթացի առաջին քայլ, որը կարող է ժամանակի ընթացքում ընդլայնվել՝ ընդգրկելով լրացուցիչ ոլորտներ, շարունակելով բարելավել մուտքը շուկա և զարգացնելով իրենց առևտրային և ներդրումային հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները 15%-անոց սակագին կսահմանի ԵՄ ապրանքների մեծ մասի, դրանց թվում՝ դեղագործական և կիսահաղորդչային արտադրանքի ներմուծման նկատմամաբ։ Միացյալ Նահանգները կպահպանի Եվրամիության ավտոմեքենաների նկատմամբ գործող 27,5%-անոց սակագինը մինչև ԱՄՆ-ի մի շարք ապրանքների սակագների նվազեցման օրենսդրական ակտերի ընդունումը, հաղորդում է ABC News-ը։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եվրամիությունն արտոնյալ շուկա մուտք կապահովի Միացյալ Նահանգներից ծովամթերքի և ոչ կարևոր գյուղատնտեսական արտադրանքի համար, ներառյալ՝ ընկույզի, կաթնամթերքի որոշակի տեսակի, թարմ և վերամշակված մրգերի և բանջարեղենի, վերամշակված սննդամթերքի, սերմերի, սոյայի յուղի, ինչպես նաև խոզի և բիզոնի մսի համար։ Եվրամիությունը միաժամանակ նախատեսում է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։
Եվրոպական միությունը պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները: Այս մասին ասվում է «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի մասին» շրջանակային համաձայնագրի վերաբերյալ Եվրամիության և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ:
Եվրամիությունը մտադիր է վերացնել ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը և շուկայի արտոնյալ հասանելիություն ապահովել ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար, նշվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար սահմանվում է 15% մաքսատուրք, իսկ եվրոպական ընկերությունները պետք է մինչև 2028 թվականը լրացուցիչ 600 միլիարդ դոլար ներդնեն ԱՄՆ-ում ռազմավարական տարբեր ոլորտներում:
Բացի այդ, ԵՄ-ն պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ և օժանդակությամբ։
«Այս պարտավորությունն արտացոլում է ռազմավարական համատեղ առաջնահերթությունը՝ խորացնելու անդրատլանտյան պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը, ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը և ապահովելու, որ եվրոպացի դաշնակիցները հանդերձված լինեն առկա ամենաառաջադեմ և հուսալի պաշտպանական տեխնոլոգիաներով», – ասված է փաստաթղթում։
Իրանի ԱԳ նախարար Արաղչին՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին.
«Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։
ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Սա լիովին համընկնում է մեր դիրքորոշման հետ:
Չեմ ասում, թե ամերիկյան ինժեներական ընկերության ներկայությունը բոլորովին չպետք է մտահոգի, բայց այն պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ։ Պետք է իրատեսորեն նայել, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում, և մեր մտահոգությունները ներկայացնել փաստերի վրա հիմնված։
Ռուսների դիրքորոշումն էլ նույնն է՝ պարզապես մի փոքր մեղմ ձևով։ Բայց նրանք նույնպես մտահոգություն ունեն ամերիկացիների ներկայության վերաբերյալ և այդ մտահոգությունը հայտնել են։
Դոկտոր Վելայաթին մեր ուսուցիչն է ԱԳՆ-ում և առաջնորդի խորհրդականը։ Բայց կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի շատ երկխոսել, որպեսզի հստակ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում։
Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները»: