Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին, որի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագությունը։
Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական անօդաչու սարքերը թիրախավորել են Տիր շրջանի ալ-Հաուշ գյուղաքաղաքը և մի քանի այլ շրջաններ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը երկու հրթիռ են արձակել Դեյր Սիրիան բնակավայրի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Իսրայելական բանակը X միկրոբլոգի գրառման մեջ նշել է. «Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավերը հարվածել են հարավային Լիբանանում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին, զենքի պահեստներին և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող հրթիռային կայանքին։ Այս պահեստների, ենթակառուցվածքների և կայանքի առկայությունը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է»։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ դուրս է եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել։ Այս մասին հաղորդում է ուկրաինական The Telegraph հրատարակությունը։
«Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն անցկացվեին։ Ավարտենք այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս` բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։
Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», - ասել է պետության ղեկավարը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը,
Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին,
Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը,
Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը,
Շենգավիթում` օգոստոսի 13-ին,
Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում, «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանության և սպանության մեջ կասկածվողներից 3-ին կալանավորել են և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, կոչումով գեներալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:
Նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» ազգանվամբ Ռուստամ Ստեփանյանի տան հարակից կամրջի տակ տեղի ունեցած ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը լքած ռելոկանտներին, որոնք այժմ վերադառնալու որոշում կայացնող քաղաքացիներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական ծառայությունում կամ պետական ընկերություններում։ Այս մասին նա գրել է Max-ի իր էջում։
Նրա խոսքով՝ նման ժամանակ երկիրը լքող անձը չի կարող պաշտոններ զբաղեցնել պետական մարմիններում կամ պետական մասնակցությամբ կառույցներում։
Նա նաև նշել է, որ մասնավոր ընկերությունները նույնպես պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն նման աշխատակիցների վարձման հարցում։
Վոլոդինը ընդգծել է, որ նման թեկնածուներ վարձելիս գործատուները պետք է հիշեն. նույնիսկ եթե մարդը բարձր մակարդակի կոմպետենտություն ունի, նրա արտասահման մեկնելը երկրի համար դժվարին ժամանակահատվածում կարող է վկայել անվստահելիության մասին։
Բացի այդ, Պետդումայի նախագահը ուշադրություն է հրավիրել շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների վրա, որոնք նույնպես լքել են Ռուսաստանը։ Նա ենթադրել է, որ նրանցից ոմանք կփորձեն վերադառնալ ապագայում, սակայն, ըստ նրա, նրանք չպետք է հույսը դնեն «ջերմ ընդունելության» վրա։
Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ։
Բելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։
«Իրանը մեզ համոզում է, որ մենք ակտիվորեն օգտագործենք լոգիստիկ ուղղությունները Ռուսաստանով և Իրանով։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց։ Համոզում են, բայց դա առաջին հերթին մեզ է պետք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին: Երեկ ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանը որոշել է նրան կրկին գործադիր մարմին ուղարկել՝ այս անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:
Թորոսյանը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում այդպես էլ իրական գործընկեր չունեցավ, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ էր: Ակնհայտ նկատելի էր, որ Արսեն Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում:
Նկատել ենք, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ երեկ ՔՊ-ում շոկի մեջ էին, թե կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Նիկոլ Փաշինյանի վստահությունը շահել այն դեպքում, երբ նրան, կարելի է ասել, սկանդալային ձևով Փաշինյանը հեռացրել էր Կառավարության կազմից»։
Մանրամասները՝ թերթի համարում
Հայաստանում 2025 թվականը ճգնաժամային դարձավ կոնյակի արտադրության և գինեգործության համար, և բացասական հետևանքները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունների համար, կդրսևորվեն սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Փորձագետի խոսքով` հաշվի առնելով մեր ավանդույթները, ինչպես նաև հնարավորությունները` Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ Միևնույն ժամանակ հայկական կոնյակը միշտ եղել է արտարժույթ «բերող» հիմնական ապրանքներից մեկը։ Բավական հայտնի լինելով ԱՊՀ-ում և ունենալով մեծ պահանջարկ՝ հայկական կոնյակը արտահանման մեծ ծավալներ է ապահովել։ Կոնյակը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների հնգյակում էր։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։
«Պետք է փաստել, որ 2025 թվականը կոնյակի արտադրության և գինեգործության համար բավական ճգնաժամային էր։ Դա է վկայում մեր պաշտոնական վիճակագրությունը։ Միայն այս տարվա հունվար-հունիսին, այսինքն՝ կիսամյակի կտրվածքով, այս ծավալները նվազել են մոտ մեկ երրորդով, ինչը հիմնականում պայմանավորված է վաճառքի և արտահանման հետ կապված խնդիրներով։ Հիշեցնեմ, որ հունիսից սկսած` Վրաստանում գրանցվել են որոշակի լոգիստիկ սահմանափակումներ և արտահանման խոչընդոտներ», - ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա հիշեցրեց` վրացական իշխանությունները պահանջում են, որ կոնյակով բեռնված հայկական բեռնատարները ենթարկվեն լրացուցիչ զննման։ Ու թեև Վրաստանը տարանցիկ հատված է այդ մեքենաների համար, վրացական իշխանություններն այնուամենայնիվ պնդում են, որ լրացուցիչ զննում անցնեն, այդ պատճառով ալկոհոլով հարյուրավոր բեռնատարներ մնացել էին վրացական մաքսակետերում։ Պարսյանը սա անվանեց աննախադեպ երևույթ՝ հաշվի առնելով անցյալ տարիների փորձը։
Տնտեսագետի խոսքով՝ վրացական մաքսային ծառայության հետ կապված խնդիրը դեռևս վերջնականապես չի լուծվել, իսկ այդ իրավիճակն արդեն ազդում է արտադրության ծավալների վրա։
Պարսյանը նշեց, որ արտահանողները ստիպված են «լրացուցիչ ծախսեր» անել և «օրինական կամ անօրինական» մեթոդներով բավարարել վրացական կողմի պահանջները, հակառակ դեպքում նրանք կարող են կորցնել արտաքին շուկաները և Ռուսաստան ալկոհոլ մատակարարելու պայմանագրերը։
«Այս խնդիրը ծագել է անցյալ տարի։ Իմ տեղեկություններով՝ վրացական իշխանությունների հետ պայմանավորվածություն է եղել հայկական ընկերությունների կողմից վրացական խաղողի սպիրտ գնելու վերաբերյալ։ Վրաստանի իշխանությունների ներկայիս վարքագիծը դեմարշ է, որը կապված է հայկական ընկերությունների կողմից այս պայմանավորվածության չկատարման հետ։ Սա էլ դարձել է հիմնական պատճառը», - ասաց Պարսյանը։
Ինչ վերաբերում է մթերման սեզոնի հեռանկարներին, տնտեսագետի խոսքով՝ ալկոհոլ արտադրողները ունեն դեռևս անցյալ տարվանից մնացած արտադրանքի պաշարներ, ուստի մթերողները չեն կարողանա մեծ քանակությամբ խաղող գնել։
Եվ եթե օգոստոս-սեպտեմբերին հնարավոր չլինի բարձրացնել կոնյակի վաճառքի տեմպը, ապա, Պարսյանի կանխատեսմամբ, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին խաղողի ավելցուկ կլինի, ինչը, պահանջարկի կտրուկ անկման ֆոնին կբերի գների նվազման։
Դա էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա հազարավոր գյուղացիական տնտեսությունների վրա, որոնք ծանրաբեռնված են խոշոր վարկերով: Խաղողագործները մեծ գումարներ են ծախսում բերքի մշակման համար և իրենց հաշվարկներում հենվում են անցյալ տարվա գների վրա: Եթե շուկայում ձևավորվի ցածր գին, ապա դա, ըստ Պարսյանի, ֆինանսական լուրջ խնդիրներ կստեղծի նրանց համար:
Փորձագետի կարծիքով` բերքահավաքին պատշաճ նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի պետության աջակցությունը, ինչպես նաև մասնավոր կապեր՝ այլ երկրներ արտահանումը կազմակերպելու համար: Այսինքն՝ հոկտեմբերին խաղողի բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներից խուսափելու համար բավական ինտենսիվ աշխատելու կարիք կլինի:
Պարսյանն անդրադարձավ նաև ոլորտի ներքին խնդիրներին:
«Կոնյակի և գինու արտադրության ոլորտում տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրները չեն լուծվել։ Դրանք պայմանավորված են ոչ միայն արտաքին գործոններով, այլև ներքինով՝ սկսած խաղողի տեսականուց մինչև կոնյակի ու գինու որակ։ Ճիշտ է` վրացական սահմանին իրականացվող ստուգումները հաստատում են կոնյակի բարձր որակը, բայց գաղտնիք չէ, որ հաճախ կոնյակի անվան տակ Ռուսաստան է արտահանվում կասկածելի որակի ապրանք:։ Ոլորտի առջև խնդիր է դրվել բարելավել ներքին վերահսկողության համակարգերը՝ արտաքին գործընկերների վստահությունը բարձրացնելու համար», - եզրափակեց տնտեսագետը։
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունը ամրապնդելու նպատակով Հայաստանում կգործարկվի խաղողագործների և գինեգործների ռեեստր։