Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հունգարիա ռուսական նավթ մատակարարող «Դրուժբա» խողովակաշարը կրկին դադարեցրել է աշխատանքը հարձակման պատճառով, իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Գիշերը լուրեր ստացվեցին, որ ռուս-բելառուսական սահմանին գտնվող «Դրուժբա» խողովակաշարը բազմիցս հարձակման է ենթարկվել՝ կարճ ժամանակահատվածում երրորդ անգամ: Հունգարիա հում նավթի փոխադրումը կրկին դադարեցվել է:
Սա մեր երկրի էներգետիկ անվտանգության վրա ևս մեկ հարձակում է: Մեզ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ», - գրել է նա:
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան նույնպես Ֆեյսբուքում հաստատել է, որ «Դրուժբա» խողովակաշարը հարձակման է ենթարկվել: «Եվս մեկ հարձակում «Դրուժբա» խողովակաշարի վրա՝ Բելառուսի սահմանի մոտ... Մենք հետաքննում ենք վնասի չափը», - գրել է նա:
Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը ավելի ուշ հայտնել է, որ գիշերային զանգվածային հարձակման հետևանքով «Ունեչսկի շրջանի վառելիքի ենթակառուցվածքների օբյեկտում հրդեհ է բռնկվել»:
Մինչ այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտնել էր «Դրուժբայով» նավթի մատակարարումների դադարեցման մասին՝ օգոստոսի 18-ին խողովակաշարի վրա ուկրաինական կողմի հարձակման պատճառով։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիհան արձագանքել է դրան՝ ասելով, որ Հունգարիան «ամեն ինչ անում է իր կախվածությունը» ռուսական էներգետիկ ռեսուրսներից պահպանելու համար՝ նույնիսկ 2022 թվականին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ «Հիմա դուք կարող եք ձեր բողոքներն ու սպառնալիքները ուղարկել ձեր ընկերներին Մոսկվայում», - ասել է նա։ Խողովակաշարը հարձակման է ենթարկվել նաև օգոստոսի 13-ին։
Նավթի մատակարարումները վերսկսվել են ընդամենը երեք օր առաջ՝ օգոստոսի 19-ին։ Այնուհետև Սիյարտոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին՝ վնասված ենթակառուցվածքների արագ վերականգնման համար։
Կարս–Իգդիր–Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցմամբ մենք ամենանշանակալի քայլերից մեկն ենք անում «Զանգեզուրի միջանցքի» իրականացման ուղղությամբ, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը: Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր շահագրգռված են Միջին միջանցքով, սկսվում է միջազգային առևտրի ոսկե դարաշրջանը»,-ասել է նա:
Նոր իրողությունների ֆոնին ռազմավարական առանցքային հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նրա խոսքով, այս նախագիծը ոչ միայն կապահովի ցամաքային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այլև կփոխի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը՝ դառնալով տնտեսական և քաղաքական ինտեգրման կարևոր գործոն։
«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, «Զանգեզուրի միջանցքը» ծառայում է ոչ միայն Ադրբեջանի ազգային շահերին, այլև առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության, առևտրային հարաբերությունների և համաշխարհային անվտանգության համար։
Դրա բացումը կլինի մեր ինքնիշխանության գործնական ուժի, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դիրքի ևս մեկ ցուցիչ»։
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում աղետալի սովի վիճակ է հայտարարվել։
Կազմակերպությունը շեշտել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայի հատվածում սովը դադարեցնելու և բոլոր մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար։
«Իմ խնդրանքը վարչապետ Նեթանյահուին և բոլոր նրանց, ովքեր կարող են կապ հաստատել նրա հետ, հետևյալն է. բավական է, դադարեցրեք կրակը, բացեք սահմանները հյուսիսում և հարավում, թույլ տվեք սնունդ և այլ անհրաժեշտ իրեր մուտք գործեն», – ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը:
Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը:
ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ:
Մյասնիկյան պող. – Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, օգոստոսի 22-ից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Դոնեցկի Հանրապետությունում ձերբակալել են Ռուսաստանի 2 քաղաքացու, որոնք մեղադրվում են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության համար աշխատելու մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածները մասնակցել են 2 ավտոմեքենաների պայթյունների իրականացմանը և նախապատրաստել են ևս 2 ահաբեկչական հարձակում։
Ինչպես ճշտել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը, խոսքը 1987 և 1997 թվականներին ծնված Դոնեցկի բնակիչների մասին է։ Նրանցից առաջինը, ըստ քննիչների, 2022 թվականին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և գործել է որպես ռեզիդենտ. նա կազմակերպել է ահաբեկչական հարձակումների նախապատրաստումը, հավաքագրել է հանցագործներին և նրանց հանձնել պայթուցիկ սարքեր։ Հրահանգիչների հետ կապը պահպանել է Telegram-ի միջոցով։
Մյուս ձերբակալվածին՝ 1997 թվականին ծնված, առաջինը հավաքագրել է համագործակցության համար. 2023 թվականին նա երկու անգամ մեկնել է Մոսկվա՝ ռուսաստանցի լրագրողի բնակության վայրի մասին տեղեկություններ հավաքելու համար։
«Ձերբակալվածները ներգրավված էին 2024 թվականի մարտ և դեկտեմբեր ամիսներին կատարված՝ Խերսոնի մարզպետարանի աշխատակցի, ինչպես նաև ԴԺՀ-ի գծով ՌԴ քրեակատարողական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակցի մեքենաների պայթյունների մեջ։ Բացի այդ, նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Դոնեցկի Հանրապետության համայնքների մեկի ղեկավարի և կամավորական գումարտակի հրամանատարի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։ ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալն էլ կալանավորվել են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։