ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։«Իրան-ԱՄՆ բանակցությունները Հռոմում ընդունելու համար հարցում ենք ստացել շահագրգիռ կողմերից և միջնորդի դեր կատարող Օմանից, և մենք դրական պատասխան ենք տվել»,- Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող համաշխարհային Expo ցուցահանդեսի ժամանակ ասել է Տայանին։
Իտալական ANSA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Տայանին նշել է, որ Հռոմը հաճախ է հյուրընկալել նմանատիպ բանակցություններ։ «Պատրաստ ենք անել ամեն ինչ՝ աջակցելու բոլոր բանակցություններին, որոնք կարող են հանգեցնել միջուկային խնդրի լուծմանը և խաղաղության կառուցմանը»,- նշել է Տայանին։
Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում:
Իրանն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ ապրիլի 12-ին Օմանում «դրական» և «կառուցողական» բանակցություններ են վարել և պայմանավորվել են շարունակել բանակցություններն այս շաբաթ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործարք կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025թ․-ի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: