Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա:
Վեհարանի արձագանքը եւ ներքին դիրքորոշումը
Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսեւորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի:
Քրեական գործի եւ ներքին ճգնաժամի գիծը
Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաեւ խուզարկություններ Վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։
Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։
Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու: Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք եւ հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։
Կաթողիկոսի եւ իշխանության միջեւ ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։
Երբ հոգեւոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար արևմտյան դաշնակիցների տրամադրած որոշակի հեռահար հրթիռների՝ Ուկրաինայի կողմից օգտագործման համար առանցքային սահմանափակումը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
ԱՄՆ պաշտոնյաները, ըստ պարբերականի, սպասում են, որ Ուկրաինան Storm Shadow հրթիռներով ավելի շատ հարձակումներ կկատարի: Միացյալ Նահանգները կարող է սահմանափակել դրանց օգտագործումը, քանի որ այդ հրթիռները հիմնված են ամերիկյան թիրախավորման տվյալների վրա:
Իր նախագահության ավարտին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանում թիրախների վրա հարվածներ հասցնելու համար Ուկրաինային թույլատրել էր օգտագործել Storm Shadow և ATACMS հեռահար հրթիռները: Սակայն, Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, այդ հրթիռների օգտագործման ընթացակարգն ավելի բարդացավ, և մինչև վերջերս ԱՄՆ-ը չէր հաստատում արևմտյան հեռահար զենքերով հարձակումները:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նման հարձակումները հաստատելու լիազորությունները վերջերս փոխանցվել են Եվրոպական հրամանատարությանը, հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։
Չեմպիոնների լիգայում ավարտվեցին երրորդ տուրի հանդիպումները։
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով պարտության մատնեց բելգիական «Բրյուգեին»։
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։
Աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսին» 5:1 հաշվով առավելության հասավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ։
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Գերմանիայում 5:1 հաշվով հաղթեց «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
«Բավարիա» - «Բրյուգե»՝ 4:0 (տեսանյութ)
Լենարտ Կառլ, 5, Հարի Քեյն, 14, Լուիս Դիաս, 34, Նիկոլաս Ջեքսոն, 79
«Չելսի» - «Այաքս»՝ 5:1 (տեսանյութ)
Մարկ Գիու, 18, Մոյսես Կայսեդո, 27, Էնցո Ֆերնանդես, 45, 11մ, Էստեւաո, 45+6, 11մ, Թայրիկ Ջորջ, 48 - Վաուտ Վեգորստ, 33, 11մ
Հեռացում՝ Քենեթ Թեյլոր («Այաքս»), 15
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Լիվերպուլ»՝ 1:5 (տեսանյութ)
Ռասմուս Քրիստենսեն, 26 - Ուգո Էկիտիկե, 35, Վիրջիլ վան Դեյք, 39, Իբրաիմա Կոնատե, 44, Կոդի Գակպո, 66, Դոմինիկ Սոբոսլաի, 70
«Մոնակո» - «Տոտենհեմ»՝ 0:0
«Ռեալ Մադրիդ» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 57
«Սպորտինգ» - «Մարսել»՝ 2:1
Ջենի Կատամո, 69, Ալիսոն Սանթոս, 86 - Իգոր Պայշաո, 14
Հեռացում՝ Էմերսոն («Մարսել»), 45+2
«Ատալանտա» - «Սլավիա»՝ 0:0
«Գալաթասարայ» - «Բուդյո-Գլիմտ»՝ 3:1 (տեսանյութ)
Վիկտոր Օսիմեն, 3, 33, Յունուս Ակգյուն, 60 - Անդրեաս Հելմերսեն, 75
«Աթլետիկ Բիլբաո» - «Ղարաբաղ»՝ 3:1 (տեսանյութ)
Գորկա Գուրուսետա, 40, 88, Ռոբերտ Նավարո, 70 - Լեանդրու Անդրադե, 1
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին որոշ շրջանակներ փորձում են հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիաները ներկայացնել որպես հակառուսական ալիք կամ երկկողմ ճգնաժամի սկիզբ։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ տեխնիկական, որը արդեն գտել է իր լուծման ճանապարհը։ Այստեղ հիմնական հարցն այն է, որ, ըստ շատ փորձագետների, Հայաստանի իշխանությունները հարցի լուծման բանակցություններն սկսել են ուշացումով, երբ, ինչպես ասում են, «դանակը ոսկորին է հասել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերից ուժի մեջ մտած միգրացիոն քաղաքականության փոփոխությունները սահմանեցին ոչ քաղաքացիների համար տարեկան 90 օրվա ժամկետ՝ Ռուսաստանի տարածքում մնալու համար։ Այս կանոնը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք օգտվում են առանց վիզայի մուտքի ռեժիմից, ներառյալ՝ Հայաստանը։ Սակայն հայկական բեռնափոխադրումների բնույթը առանձնահատուկ է. վարորդները օրերով կանգնում են Վերին Լարսում, անցնում են հազարավոր կիլոմետրեր Ռուսաստանի տարածքում, բեռնաթափում են հսկայական տարածքներում, բախվում են տեխնիկական ուշացումների, ինչի արդյունքում 90 օրն արագ սպառվում է, և ընդամենը վեց-յոթ երթևեկությունից հետո վարորդը հայտնվում է մուտքի արգելքի վտանգի առջև՝ մինչև 5 տարի ժամկետով։
Այստեղ, սակայն, պետք է արձանագրել առանցքային հանգամանքը. Ռուսաստանը խնդիրն արդեն ընդունել է և սկսել է լուծման ընթացքը։ Ռուսաստանի կառավարությունն ընդունել է Երևանի հիմնավորումները և նախապատրաստում է որոշում, որով հայ վարորդների համար ժամկետը կերկարացվի՝ 90-ից դառնալով 180 օր։ Որոշման նախագիծն արդեն համակարգային քննարկման փուլում է և ընդգրկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում։ Պետք է նշել, որ այս մոտեցումը աննախադեպ չէ. Ղազախստանի վարորդները արդեն ամբողջովին ազատվել են 90 օրվա սահմանափակումից՝ կառավարությունների արագ բանակցությունների արդյունքում։ Սա փաստում է, որ Ռուսաստանը պատրաստ է ճկուն լուծումների, պարզապես Հայաստանից պետք էր ճիշտ ու ժամանակին արձագանքել խնդրին։ Բացի այդ, ԵԱՏՄ-ի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հավաքում և համակարգում է բեռնափոխադրողների խնդիրները՝ ռուսական մարմիններին փոխանցելու և լուծման արագ ընթացք ապահովելու համար։
Անշուշտ, բողոքի ակցիաները մարդկային են. վարորդները պաշտպանում են իրենց եկամուտը։ Սակայն խնդիրը տեղափոխել ռուս– հայկական քաղաքական հակասության դաշտ՝ սխալ և վտանգավոր։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայ բեռնափոխադրողների հիմնական աշխատանքային դաշտը, իսկ Ռուսաստանի տարածքը՝ նրանց եկամտի գլխավոր աղբյուրը։ Ժամանակավոր վարչարարական խնդիրները չպետք է խաթարեն այս հարաբերակցությունը, այլ լուծվեն գործընկերային բանակցություններով։ Մեզ հետ զրույցում փորձագետները նշում էին, որ այս պարագայում քաղաքական ճեղքի հետ գործ չունենք, այլ տեխնիկական համաձայնեցման, որն արդեն գտնվում է լուծման փուլում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Զինված ուժերում նոր նշանակումներ են արվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը Սենատում հայտարարել է, որ թանգարանի պահպանության համակարգի թույլ կողմերը հայտնի են, իսկ հնացած ենթակառուցվածքը թույլ չի տալիս ժամանակակից սարքավորումներ կիրառել անվտանգության ապահովման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է BFMTV:
«Մեր անվտանգության համակարգի թույլ կողմերը հայտնի են և բացահայտված: Մենք ունենք հնացած ենթակառուցվածքներ, որոնք թույլ չեն տալիս օգտագործել ժամանակակից սարքավորումներ»,-ընդգծել է նա։
Դե Կարը նշել է թանգարանի անվտանգության գլխավոր պլանի անհապաղ իրականացման կարևորությունը: Նա կողմ է թանգարանի տարածքում ոստիկանական բաժանմունք տեղակայելու գաղափարին։
ՆԱՏՕ-ն ցանկանում է անհապաղ հրադադար Ուկրաինայում՝ առանց նախապայմանների։ Այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Այո՛, կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք. սա է մեր գլխավոր ուղերձը», - ասել է Ռյուտեն, երբ հարցրել են, թե արդյոք ՆԱՏՕ-ն աջակցում է անհապաղ հրադադարին՝ առանց նախապայմանների։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն:
«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում: Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է մի քանի տարվա ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»,- ասել է Գագնիձեն:
Ըստ Գագնիձեի՝ առաջիկա օրերին քննչական մարմինը կորոշի, թե ինչպես դասակարգել Ղարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին: Ավելի ուշ Պետական անվտանգության ծառայությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, արժեքավոր կտավներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտնել է ևս 4 միլիոն դոլարի առգրավման մասին։
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ջերարդո Վերտհեյնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ քննադատել է, թե ինչպես է կազմակերպված եղել երկրի նախագահ Խավիեր Միլեյի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է La Nacion-ը։
La Nacion-ի հաղորդմամբ՝ Վերտհեյնը Միլեյին տեղեկացրել է իր որոշման մասին։ Հրաժարականի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։
Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի չափից մեծ պահանջներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Մենք չենք վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները չհրաժարվեն իրենց ագահ քաղաքականությունից և չդադարեն մեզ առաջադրել անհիմն պահանջներ», – ասել է նա։