Հաղթական քոչարիով 1945 թվականի մայիսին գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ Թամանյան դիվիզիայի հայ զինվորները նշեցին Բեռլինի գրավումը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
Թամանյան դիվիզիան ազգային դիվիզիաներից առաջինը և միակն էր, որը մտավ Գերմանիա։
Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային փառապանծ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին Երևանում: Դիվիզիան իր ռազմական ճանապարհը սկսել է Կովկասի նախալեռներից և մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի և Կերչի ազատագրմանը: Թամանի թերակղզում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային շնորհվեց «Թամանյան» պատվավոր կոչումը։
Պատերազմի ողջ ընթացքում թամանցիները ազատագրեցին ավելի քան 900 բնակավայր։ Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ դիվիզիան առաջիններից մեկն էր, որը հատեց ԽՍՀՄ սահմանը, անցավ ամբողջ Լեհաստանով և 1945 թվականի գարնանը մտավ Երրորդ Ռայխի մայրաքաղաք: Բեռլինում գերմանական կայազորի ջախջախման համար դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով: Բալակլավայում, որտեղ 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանն է գտնվում, թամանացիներին հուշարձան է կանգնեցվել։