Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական էջից։
Միջազգային երգի մրցույթը Վիեննան հյուրընկալում է 3–րդ անգամ. առաջին անգամ` 1967 թ.–ին, երկրորդ անգամ` 2015 թ.–ին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթել էր Ավստրիայի մասնակիցը։
Դուբայի բնակչուհի Նադին Այուբը կներկայացնի Պաղեստինը «Միսս Տիեզերք 2025» մրցույթում, հաղորդում է Zakon.kz-ն։
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Պակ Կրետ քաղաքում (Կենտրոնական Թաիլանդ) և կդառնա թվով 74-րդը:
Նադին Այուբը 2022 թվականին արժանացել է «Միսս Պաղեստին» տիտղոսին։
Աղջկա խոսքով՝ ինքը հետաձգել է մասնակցությունը միջազգային մրցույթներին Պաղեստինում շարունակվող հումանիտար ճգնաժամի պատճառով: Նրա մասնակցությունը մրցույթին, ըստ նրա, հնարավորություն է օգնելու իր ժողովրդին, հատկապես Գազայի բնակիչներին, որոնք ամեն օր տառապում են:
Հայտնի է նաև, որ Նադին Այուբը դիպլոմավորված սննդաբան է, նա ունի գրականության և հոգեբանության գիտական աստիճան:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Վահագն ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ 2019-ից հետո ԵՄ-ն Հայաստանից բացի այլ գործընկերոջ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չի սկսել։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մարագոսը:
ԵՄ դեսպանը բավարար է համարում մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար:
«Մենք գնահատողական առաքելություններ ենք ունեցել, երբ հունիսին այստեղ էր Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նա հայտարարեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին: Այժմ սա քննարկվում է անդամ պետությունների հետ, և երբ այս քննարկումն ավարտվի, հուսով եմ՝ շուտով գործողությունների ծրագիրը կներկայացնենք հայ հանրությանը, հայաստանյան իշխանություններին»,- ասել է Մարագոսը:
Ըստ դեսպանի, այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ: Դեսպանի խոսքով, նվազագույնը երեք տարի կպահանջվի։
Oգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ռուսական զորքերը «Գերան-2» անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակում են սկսել Օդեսայի մարզի ամենամեծ «Տրիտոն» նավթամբարի վրա։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 20-ին, հայտնել է Lenta.ru-ն:
«Ռուսաստանի զինված ուժերը «Գերան-2» անօդաչու սարքերով մի շարք հարվածներ են հասցրել Իզմայիլի վառելիքի լոգիստիկ ենթակառուցվածքներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վեցից ավելի դիզելային վառելիքի բաքեր ոչնչացվել են, իսկ նավթաքիմիական «Էքսելլիոն» լցանավը՝ վնասվել։ Նավթամբարում լսվել է ավելի քան 30 պայթյուն։
Անվտանգության աղբյուրների տվյալներով՝ մոտ 60,000 իսրայելցի պահեստազորայիններ պետք է ստանային զորակոչի հրամաններ, որոնք զինվորականները կհրապարակեն չորեքշաբթիից սկսած. պատճառը Գազա քաղաքի գրավման գործողությունն է, որն արդեն հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Պահեստազորայիններին ծառայության ներկայանալու համար առնվազն երկու շաբաթ կունենան, գրում է Times of Israel-ը։
Նրան կմիանան տասնյակ հազարավոր պահեստազորայիններին, որոնք ներկայումս ծառայում են պահեստազորում։ Եթե Գազա քաղաքի հարձակումը շարունակվի, գործողության ընթացքում պահեստազորում կլինեն մոտ 130,000 իսրայելցիներ։
Գազա քաղաքի գրավման գործողությունը ստացել է «Գեդեոնի կառքեր 2» անվանումը։
«Այս գործողության ավարտից հետո Գազան կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», - ասել է պաշտպանության նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում խոսել է իր խաղաղարար ջանքերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված հռչակագրին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»:
«Գիտե՞ք՝ որքան շատ զարմանալի բաներ։ են տեղի ունեցել: Աբրբաժանի մեծ հակամարտությունն Ալբանիայի հետ տևել էր 34-35 տարի: Դա տարիներ ի վեր շարունակվում էր: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ճանաչեցի նրանց առևտրի միջոցով, մի փոքր շփվեցի նրանց հետ և ասացի. «Ինչո՞ւ եք կռվում, տղերք»։ Հետո ասացի. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է»: Ի վերջո, մի բանը հանգեցրեց մյուսին, և ես լուծեցի այս հարցը՝ չնայած մարդիկ ասում էին՝ չի լուծվելու: Նույնիսկ երբ նրանք երկուսն էլ Օվալաձև աշխատասենյակում էին, պատրաստվում էին ստորագրել, նստած էին կողք կողքի, բայց փորձում էին փախչել, լավ չէին զգում մի տեսակ։ Բայց վերջում նրանք գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: Իսկապես հաճելի էր դա տեսնելը։ Բայց ես այդ ամենը արեցի, գիտեք, և վերջին վեց ամիսների ընթացքում ոչ ոք երբեք նման բան չի արել», - ասել է Թրամփը։
Տեսանյութը կարող եք լսել սկսած 5-րդ րոպեից:
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր,
զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:
Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը քննության հավաստագիր և բժշկական փաստաթղթեր չներկայացրած անձինք, օրենքով սահմանված կարգով, զենքը կարող են հանձնել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վաճառելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով։
Վաճառքը պետք է իրականացվի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ առուվաճառքի պայմանագրի տեսքով՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։
Անձը զենքը կարող է նվիրել նաև ցանկացած պետական ռազմականացված կազմակերպության․ այս դեպքում նվիրատուն գրավոր ներկայացնում է այդ մասին, այնուհետև ընդունվում է ՀՀ կառավարության որոշում՝ գույք ընդունելու վերաբերյալ։
Ուկրաինայում անհաջողություններից հետո Կրեմլը թշնամիների նոր կերպարներ է փնտրում։ Այս մասին հայտարարել է նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, գրում է ադրբեջանական Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ռուսական քարոզչության հատուկ թիրախներ են դարձել Ադրբեջանը և Ղազախստանը։ Նախկինում այս հարձակումները ուղղված են եղել Բալթյան երկրների, ՆԱՏՕ-ի և Ֆրանսիայի դեմ։
«Ռուսաստանը չի համարձակվի երկրորդ ճակատ բացել Ադրբեջանի դեմ։ Այս քարոզչական ճնշումը կշարունակվի։ Առայժմ մենք միայն արդյունքներն ենք տեսնում, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը ավելի պարզ կդառնա», - ասել է նա։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ամուր դաշինք, որը մեզ պաշտպանում է ցանկացած ռազմական սպառնալիքից։ Սակայն Ռուսաստանը ո՛չ քաջություն ունի, ո՛չ էլ ուժ երկրորդ ճակատ բացելու համար», - հավելել է նախկին նախարարը։