Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Ռուսաստանի կողմից Ստամբուլում առաջարկվող բանակցությունները պետք է անցկացվեն 2022 թվականին ընդհատված բանակցությունների արդյունքների և «գետնին» իրավիճակի հաշվառմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Դրա հաշվառմամբ, բնականաբար, իրական իրավիճակի հաշվառմամբ», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ուշակովի մեկնաբանությունը իր եթերում ցուցադրել է ռուսաստանյան «Առաջին ալիքը»։
Պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում, նա ասել է. «Նախագահը հրաման կտա, այն ժամանակ կհայտարարենք»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։
Պուտինը նաև նշել է, որ ՌԴ-ն տրամադրված է Կիևի հետ լուրջ բանակցությունների՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։