ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։
Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։
Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։
Իրանը և ԱՄՆ-ն վերսկսել են բանակցությունները՝ փորձելով նվազեցնել փոխադարձ ճնշումների ինտենսիվությունը։ Չինաստանը, իր հերթին, ընդլայնում է գլոբալ ներկայությունը՝ տնտեսական և դիվանագիտական նոր հնարավորություններ ստեղծելով Աֆրիկայում և այլ աշխարհագրական ուղղություններում։ Եվրոպական պետությունների ղեկավարները վերաիմաստավորում են հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով ազգային և տարածաշրջանային հաշվարկներով։
Ադրբեջանը ակտիվացնում է իր գործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ՝ վերջիններիս համար իր տարածքը դարձնելով ռազմաքաղաքական հարթակ, Հայաստանի ՌԴ-ի և Իրանի դեմ ։
Հնդկաստան–Պակիստան հակասությունները սրվում են՝ ռազմական բախման հեռանկարով, վերոնշյալ և առհասարակ բոլոր ուժային կենտրոնները սևեռված են սեփական ազգային շահերի պաշտպանման և առաջմղման վրա՝ գիտակցելով, որ ներկայում որոշվում է նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ճակատագիրը։
Այդ ֆոնին Հայաստանի ներկայիս կառավարիչները շարունակում են գործել ազգային շահերին հակառակ տրամաբանությամբ՝ օր օրի խորացնելով ՀՀ-ի անվտանգային, քաղաքական և սոցիալական ճգնաժամերը։ Միջազգային հարթակում՝ փոխանակ ամրապնդելու Հայաստանի դիրքերը, նրանք վերածում են երկիրը արտաքին ուժերի փորձադաշտի։
Կառավարման այս մոդելը հակասում է ոչ միայն պետական շահին, այլև ազգային անվտանգությանը՝ Հայաստանը դուրս թողնելով միջազգային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներից»։