Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գերատեսչությունների պաշտոնյաները մայիսի 12-ին կքննարկեն հետագա քայլերը երկու միջուկային պետությունների միջև տեղի ունեցած բախումներից հետո։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին։
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հրադադարը պահպանվում է, գիշերը պայթյուններ կամ գնդակոծություններ չեն եղել՝ չնայած ավելի վաղ հրադադարի ռեժիմի որոշ խախտումներ էին գրանցվել։
Ըստ հնդկական բանակի՝ վերջին օրերին սահմանամերձ շրջաններում բախումներից հետո մայիսի 11-ն առաջին խաղաղ օրն է եղել՝ չնայած որոշ դպրոցներ դեռ փակ են մնում։4 օր տևած ինտենսիվ մարտերից հետո մայիսի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվածների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։
«Սինդուր գործողությունը», որի ընթացքում Հնդկաստանը հարվածել է Պակիստանում գտնվող թիրախների, Նյու Դելիի պատասխանն էր ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։