Այն, որ «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնն անցկացվում է արդեն 4-րդ անգամ, վկայում է դրա կայացած լինելու մասին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Փառատոնի նշանակությունը շատ կարևոր է և արդիական հատկապես հիմա։ Բացի այն, որ նպաստում է զբոսաշրջության ապակենտրոնացմանը Երևանից դեպի մարզեր, հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանը, մշակութային արժեքների պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի պատշաճ ներկայացմանն ու գովազդին համաշխարհային շուկայում, մենք նաև աշխարհին ներկայանում ենք այնպիսին, ինչպիսին կանք»,- ասաց Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար ներգնա տուրիզմի տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող շատ երկրների զբոսաշրջային քարտեզներում Սյունիքը, Գեղարքունիքի մարզը, Տավուշը նշված են կարմիր եզրագծերով, այսինքն՝ որպես ոչ այնքան ապահով երկրներ։ Իսկ այսպիսի փառատոներն իրենց բազմահազար օտարերկրյա այցելուներով հակառակն են ապացուցում․ աշխարհը տեսնում է, թե ինչպես են օտարերկրյա զբոսաշրջիկներն անհոգ շրջում, վայելում մեր երկիրը։
Ըստ Ապրեսյանի՝ իրանական կողմը մեծ նշանակություն է տալիս «Նավասարդին» և այս տարի ավելի ակտիվ` առնվազն 30 տաղավարով կներկայանա փառատոնին։
«Մեր խոհարարական դիվանագիտության մտահղացումը կարծես թե իրականանում է։ Մեր մտադրությունն է երկխոսություն ծավալել խոհանոցի միջոցով, նաև այլ հարցերի, մշակութային այլ երևույթների շուրջ»,- ասաց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Հիշեցնենք, որ ամեն տարի օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվող փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։