Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանն ու Վարդան Աբգարյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ: 
Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են: