ՌԴ Պետդումայի ընտանեկան հարցերի հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան քննադատել է հղի դպրոցականներին դրամական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը՝ այն անվանելով «պեդոֆիլիայի խրախուսում»։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը անպատասխանատու են և վնասում են թե՛ հասարակությանը, թե՛ դեռահաս աղջիկներին, գրում է Лента.ру-ն։
Պատգամավորը նշել է, որ դպրոցականներին ծննդաբերելու համար նույնիսկ փոքր վճարներով խրախուսելը պետք է իրավական պատասխանատվության հիմք դառնա։ «Նման քաղաքականությունը պնդում է՝ եթե աղջիկը ծննդաբերի դպրոցական նստարանից, ապա արժանի է պետական պարգևի։ Սա պետության խեղված ուղերձ է», — ընդգծել է նա։
Ավելի վաղ մի քանի ռուսական շրջաններում ներդրվել էր 100 հազար ռուբլու չափով միանվագ վճար հղի դպրոցականների համար։ Դումայի այլ անդամներ ևս նախաձեռնությունը որակել էին որպես դեռահասների հղիության նորմալացում՝ նշելով, որ «երբ երեխան երեխա է ունենում, դա հերոսություն չէ, այլ ողբերգություն»։