Արցախցի Արեն Նազարյանը, որը բռնի տեղահանության ժամանակ լինելով ընդամենը 13 տարեկան, 40 ժամ անցկացրել է ղեկին ու հարազատներին անվնաս հասցրել ՀՀ, Հայաստանում Ռուսական տանը պարգևատրվել է «Թեժ սիրտ» միջազգային մրցանակով։
Արենի ստացած «Տաք սիրտ» մրցանակը
Պատմում է, որ մեքենա վարելը սովորել է հորից՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հայրն ասել է` պետք է գալու, ու նա չի սխալվել։
«Հայրիկը ճանապարհին օգնում էր, երբեմն խորհուրդներ էր տալիս», – պատմեց Արենը։
Արենի քույրը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, ասաց, որ հպարտանում է եղբորով ու հավելեց` եթե չլիներ Արենի քաջությունը, իրենց ընտանիքի բոլոր անդամները չէին կարողանա դուրս գալ Արցախից։
«Մենք փորձում էինք չխանգարել նրան, քանի որ հասկանում էինք՝ ցանկացած խորհուրդ կամ ցուցում կարող էր բացասաբար ազդել նրա վրա, պարզապես վստահեցինք նրան», – լրագրողներին ասաց Աննան։
Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ այս մրցանակը դեռահասներին շնորհվում է հերոսական արարքների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանից մի քանի թեկնածու է եղել, բայց հաղթել է Արենը։
Ֆեֆիլովը հավելեց` ինքը շատ լավ պատկերացնում է այդ ճանապարհի դժվարությունները, քանի որ անձամբ է գնացել Գորիս հումանիտար օգնություն հասցնելու։
«Ինչպե՞ս կարող էր 12-ամյա մի տղա, որը ղեկի հետևից գրեթե չէր երևում, հաղթահարել այդ ճանապարհը։ Դա իսկապես լուրջ և պատասխանատու քայլ է, որը խոսում է նրա իսկական լեռնեցու բնավորության մասին», – ընդգծեց Ֆեֆիլովը։
Միջոցառմանը ներկա էր նաև տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, որն Արենի քայլը որակեց որպես իսկական ինքնազոհություն, սիրո դրսևորում։
«Եթե սեր կա, ուրեմն ամեն ինչ հնարավոր է։ Նույնիսկ մի փոքրիկ տղա, որին ղեկի հետևից հազիվ էին տեսնում, կարող է անցնել այդ ճանապարհը», – ասաց տեր Շմավոնը։
Նա Արենին նվիրեց Գրիգոր Նարեկացու գրքերից մեկը։
«Մրցանակը կոչվում է «Տաք սիրտ», իսկ մենք ունենք մեծ աղոթող Նարեկացուն, որի յուրաքանչյուր աղոթք սկսվում է այս տողով՝ «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ»։ Ահա հենց այդ սրտով էլ այսօր քեզ պարգևատրում են», – ասաց հոգևոր հայրը։
Արենը նվերներ ստացավ նաև Ռուսաստանի ԱԻՆ-ից։ Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բուտիրսկին նշեց, որ Արենը մեր ժամանակների իսկական պաշտպան և հերոս է, իսկ նրա կատարած քայլը՝ խիզախության և հերոսության վառ օրինակ։
Նշենք, որ համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու պատրաստակամության համար:
«Տաք սիրտ» կրծքանշանով և խորհրդանիշով կարող են պարգևատրվել մինչև 23 տարեկան երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև մանկական և երիտասարդական կազմակերպություններն ու միավորումները: Մասնավորապես, նրանց սխրանքները պետք է կապված լինեն արտակարգ իրավիճակների հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարման, սոցիալապես նշանակալի նախագծերի և նախաձեռնությունների հաջող իրականացման հետ, այդ թվում՝ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելը:
Նախաձեռնության նպատակն է բացահայտել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում և արտերկրում հերոսական և համարձակ գործողությունների, օգնության և աջակցության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ հոգատարության դեպքերը, կյանքի դժվար իրավիճակները արիաբար հաղթահարելու դեպքերը, մարդկանց անշահախնդիր օգնության հասնելու ունակությունն ու պատրաստակամությունը, սոցիալական նշանակալի նախաձեռնությունների և նախագծերի հաջող իրականացումը: Նախաձեռնության հիմնադիրը սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամն է։
Այն անցկացվում է ՌԴ կրթության նախարարության, գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ԱՊՀ գործերի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո), Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների աջակցությամբ։