Սմարթֆոնը կարող է վտանգված լինել լրտեսական ծրագրերով, և կարևոր է իմանալ, թե ինչպես ճանաչել դրանց առկայությունը: Կիբերանվտանգության փորձագետ Նիկիտա Նովիկովն առանձնացրել է մի քանի հիմնական նշաններ, որոնք կարող են վկայել սարքի գաղտնալսման մասին.
Գերտաքացում սպասման ռեժիմում: Եթե հեռախոսը տաքանում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք օգտագործում այն, դա կարող է կապված լինել ֆոնային գործընթացների հետ, ներառյալ տվյալների փոխանցումը երրորդ կողմի սերվերներին, փոխանցում է news.am-ը։
- Մարտկոցի արագ սպառում: Զգալիորեն բարձր էներգիայի սպառումը, հատկապես նվազագույն ակտիվության դեպքում, կարող է վկայել վնասակար ծրագրի մասին:
- Ինտերնետ տրաֆիկի աճ: Ֆոնային տրաֆիկի աճը առանց ակնհայտ պատճառների կարող է ցույց տալ լրտեսական ծրագրի աշխատանքը, որը տվյալներ է ուղարկում արտաքին սերվերներին:
Ինչպե՞ս ստուգել հեռախոսը
Համոզվելու համար, որ Ձեր սմարթֆոնը վտանգված չէ, կատարեք հետևյալ քայլերը.
- Վերահասցեագրման ստուգում: Հեռախոսի զանգերի հավելվածում հավաքեք *#21# հրամանը՝ պարզելու համար, արդյոք միացված է զանգերի կամ հաղորդագրությունների վերահասցեագրում:
- Ակտիվության վերլուծություն: Ստուգեք զանգերի և ինտերնետ տրաֆիկի մանրամասները Ձեր բջջային օպերատորի անձնական կաբինետում: Կասկածելի միացումները, հատկապես գիշերային ժամերին կամ էկրանը կողպված վիճակում, կարող են կասկածելի լինել:
- Կասկածելի հավելվածների որոնում: Ուշադրություն դարձրեք առանց պատկերակների ծրագրերին, որոնք ներբեռնված չեն պաշտոնական հավելվածների խանութներից (Google Play կամ App Store), կամ նրանց, որոնք մուտք ունեն միկրոֆոնին, տեսախցիկին, գեոլոկացիային կամ ծառայողական տվյալներին:
Ի՞նչ անել, եթե կան կասկածներ
Եթե նկատել եք գաղտնալսման նշաններ, կարող եք ձեռնարկել հետևյալ միջոցները.
- Հակալրտեսական սկաներների օգտագործում: Հատուկ հավելվածներ, ինչպիսիք են Malwarebytes-ը կամ Kaspersky-ը, կօգնեն հայտնաբերել վնասակար ծրագրերը:
- Սարքի լրիվ վերակայում: Լրտեսական ծրագրերից ազատվելու ամենահուսալի միջոցը սմարթֆոնը գործարանային կարգավորումներին վերադարձնելն է՝ բոլոր հաշիվների գաղտնաբառերը փոխելուց հետո: Վերակայումից առաջ անպայման ստեղծեք կարևոր տվյալների կրկնօրինակ:
Արտադրողների զգուշացումները
2025 թվականի մայիսին Apple-ը ծանուցումներ է ուղարկել ավելի քան 100 երկրների օգտատերերին՝ զգուշացնելով լրտեսական ծրագրերով վարակման հնարավորության մասին և խորհուրդ տալով թարմացնել iOS-ը մինչև վերջին տարբերակը: Օպերացիոն համակարգի և հավելվածների կանոնավոր թարմացումները օգնում են փակել խոցելիությունները, որոնց միջոցով կարող են գործել լրտեսական ծրագրերը:
Լրացուցիչ նախազգուշական միջոցներ
Գաղտնալսման ռիսկը նվազագույնի հասցնելու համար.
- Տեղադրեք հավելվածներ միայն պաշտոնական խանութներից:
- Կանոնավոր կերպով թարմացրեք օպերացիոն համակարգը և հավելվածները:
- Խուսափեք միանալ անպաշտպան Wi-Fi ցանցերին:
- Օգտագործեք բարդ գաղտնաբառեր և երկգործոն նույնականացում հաշիվների համար: