Ուկրաինան և ԱՄՆ-ն ավարտել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման հիմնադրամի գործարկման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ՝ էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Նրա խոսքով, վերջին քայլը եղել է ԱՄՆ դիվանագիտական նոտան, որն այսօր ստացվել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսից։
«Այժմ մենք կարող ենք պաշտոնապես համարել, որ հիմնադրամը գործարկվել է: Մենք ունենք հավասար գործընկերություն, որը հարգում է Ուկրաինայի ազգային շահերը և նախատեսում է համատեղ կառավարում և ներդրումներ Ամերիկայի հետ: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ապագայի վրա, որտեղ Միացյալ Նահանգները և Ուկրաինան համատեղ ներդրումներ են կատարում մեր պետության վերականգնման և զարգացման գործում»,- գրել է Սվիրիդենկոն:
Ապրիլի 30-ին ԱՄՆ-ն ու Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի բնական ռեսուրսների հասանելիության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծում։