Ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ 20 տարվա վաղեմության գործին։
«Գիտակցում են, որ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը կարևորագույն դերակատարներ են ՀՀ ներքաղաքական դաշտում»,- նշեց նա։
Մամիջանյանի խոսքով՝ այս գործն արժանանալու է նույն բախտին, ինչին արժանացավ «դիզելի գործը»։
«Ակնհայտ է, որ լինելու է արդարացուցիչ վերդիկտ, իմ համար առնվազն խայտառակություն է, որ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ հանդգնում են իրենց քաղաքական շահերի համար շրջանառել Եռաբլուրի անունը, որը որևէ կապ չունի այս գործի հետ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։
Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։