Երևանում ամերիկյան դեսպանատանը շուրջ 2000 մարդ է աշխատում։ Երևի, նրանցից որևէ մեկը դեռ չի ըմբռնել, որ պետք է խթանել, օրինակ, ռուսաստանյան-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե զբաղվել ռուսաստանյան-հայկական հարաբերությունների խաթարմամբ։ Այս մասին մայիսի 20-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում Ռուսաստանի նախագահ Պուտինի պատկերով պաստառ են փակցրել՝ Ռուսաստանի քաղաքականության դեմ ուղղված ակցիայի շրջանակում։
«Երևի, ամերիկյան դեսպանատանը ինչ-որ մեկը նախկին կաղապարներով է ապրում։
Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկի մոտ դեռ չեն վերջացել այն գումարները, որոնք փոխանցվել էին USAID-ի գծով, որը հենց զբաղվում էր նմանատիպ նախագծերով։ Ես կարծում եմ, որ ինչպես այդ ամենը փակցրել են, այնպես էլ կհավաքեն։ Մենք Հայաստանի հետ բոլոր ուղղություններով ընդարձակ օրակարգ ունենք ոչ միայն քննարկումների, այլև կոնկրետ կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, մենք նույնպես գիտենք։ Ուստի կողմնորոշվում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա։
Հասկանալի է այս ամենի բնույթը՝ վճարված, խթանված և մշակված աշխարհի շատ մասերում և աշխարհի շատ երկրներում։ USAID-ի գումարներով մի լավ բան փորձեին անել՝ որևէ մեկին բուժել, ինչ-որ բան կառուցել, որևէ ճգնաժամ հաղթահարել։
Ցավոք, միայն դրան են ընդունակ, իսկ դրա համար մեծ խելք պետք չէ», - նշել է Զախարովան։