Եթե Հայաստանում լիներ բռնապետություն դուք ուղղակի պապանձված կլինեիք և չէիք կարող գալ ու այս ամբիոնից այդպիսի բաներ խոսել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, եթե մի երկրում լինի բռնապետություն որևէ մեկը չի կարող գալ ու երկրի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել: Երբ որ ծաղրում ու խաչակրաց արշավանք եք իրականացնում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել՝ ոչ կրթվելը ոչ նորաձևությունը ձեզ չեն սպառնում, դուք հանգիստ եղեք, դուք «ժիգուլի» եք ու մնալու եք «ժիգուլի»: Դա ձեր կատարյալ բնորոշումն է: Տգիտության մասին եք խոսում, բայց դուք տգիտության լաբորատոր նմուշ եք տեղով»,- ասաց նա:
Կոնջորյանը ապա հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարող են խմբակցության անդամներով գալ ու թիրախավորել վարչապետի կնոջը:
«Թիրախավորում եք այդքան իջնելով ու էժանանալով: Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել բացի նրանից, որ դուք դժբախտ մարդ եք»,- ասաց նա:
Նշենք, որ Կոնջորյանը ելույթով պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց բռնապետիկ և խոսեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժումից:
Մասնավորապես պատգամավորը հարց բարձրացրեց՝ արդյոք կրթողներն ունեն հավաստագիր մարդկանց կրթելու համար: