Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները
Հուլիսի 09, 2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը զորակցում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ դատապարտելով իշխանությունների ոտնձգությունները

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են՝ տեղի են ունեցել կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիագումար նիստերը, որոնց մասնակցել են կաթողիկոսության բոլոր թեմերի առաջնորդ սրբազան հայրերն ու ազգային վարչության ներկայացուցիչները, կաթողիկոսության բոլոր հաստատությունների և հիմնարկների տնօրեններն ու խնամակալությունների ներկայացուցիչները։ Նիստերի արդյունքում դատապարտվել է Հայաստանի գործող իշխանությունների կողմից Մայ Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի դեմ տարվող արշավը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր լիակատար զորակցությունն ու աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այս առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում նշվում է հետևյալը․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշաբթի, 10 Յունիսէն մինչեւ Շաբաթ, 14 Յունիս 2025-ին, կայացան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու լիակատար նիստերը: Այս առիթով նիստերուն հրաւիրուած էին Կաթողիկոսութեան բոլոր թեմերու առաջնորդ սրբազան հայրերն ու ազգային վարչութեանց ներկայացուցիչները: Ժողովին ներկայացան նաեւ Կաթողիկոսութեան բոլոր հաստատութիւններու եւ հիմնարկներու տնօրէններն ու խնամակալութիւններու ներկայացուցիչները՝ զեկուցելու իրենց գործունէութեան մասին:

Նիստերու օրակարգերու կէտերն էին.- Դպրեվանքի, Խորէն Ա. Կեդրոնի, Թռչնոց Բոյնի, Ազունիէի Ազգային Բուժարանի, Ազգային Ծերանոցի, քրիստոնէական դաստիարակութեան, Աստուածաշունչի թարգմանութեան, ծիսական բարեկարգումի, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութիւններու, «Կիլիկիա» մատենադարանի, «Կիլիկիա» թանգարանի, Հայոց Ցեղասպանութեան Որբերու «Արամ Պէզիքեան» թանգարանի, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի, Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի, երիտասարդական բաժանմունքի, շինարարական, տնտեսական ու վարչական, ինչպէս նաեւ մշակութային բնոյթի, քահանայից պատրաստութեան, ՀԱՍԿ պաշտօնաթերթի եւ իւրաքանչիւր թեմի ընդհանուր գործունէութեան վերաբերող հարցեր ու ծրագրեր:

Այս շրջագիծին մէջ նաեւ քննարկուեցան սփիւռքեան մեր թեմերու վերակազմակերպման, երիտասարդացման, արդի ժամանակներու համահունչ ծրագիրներ մշակելու անհրաժեշտութեան եւ աշխատանքներու նոր մեթոտներու որդեգրման կարելիութիւնները:

Ժողովը հաստատեց, որ Ազգային Ընդհանուր Ժողովի բանաձեւերուն ընդառաջ, հետզհետէ առանցքային գործունէութեան ու գործելաձեւի կը վերածուին համախմբումն ու մասնագիտացումը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ընդհանուր աշխատանքները յատկանշող:

«Նուիրապետական Աթոռներու եւ Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւններ» օրակարգին տակ, ժողովը յատուկ կերպով քննարկեց Հայաստանի իշխանութիւններու ձեռնարկած յարձակողապաշտ վերաբերումը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Սուրբ Էջմիածինի բարձրաստիճան հոգեւորականներուն դէմ: Այս առումով, ժողովը արձանագրեց.-

ա) Պետութիւն-եկեղեցի յարաբերութիւններու մասին Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան համապատասխան կէտերը ճշդած են հիմնադրոյթներ, որոնք հիմնականին մէջ կը սահմանեն անոնց անջատ ըլլալը, հետեւաբար, նաեւ՝ եկեղեցւոյ անկախութիւնը: Սահմանադրութեան կը հակասէ նման միջամտութիւններ կատարելով հարցերու արծարծումը:

բ) Եկեղեցւոյ եւ եկեղեցականներու վերաբերող հարցերը կը քննուին եկեղեցական կանոնագրութեան համաձայն: Արդ, եկեղեցւոյ ու եկեղեցականներու առնչուած հարցերու գծով միջամտելու որեւէ իրաւական հիմք չունի պետութիւնը:

գ) Խստօրէն դատապարտելի է եկեղեցական հարցերուն հրապարակային քննարկման համար օգտագործուած ոճը:

դ) Հայրենիքին դիմագրաւած գոյաբանական խնդիրներուն ու անոր անվտանգութեան սպառնացող իրավիճակին դիմաց, անհրաժեշտ է նպատակաուղղուած աշխատիլ Հայրենիքի գոյութեան սպառնացող վտանգներու դիմակայման ընդառաջ, մերժելով նման բաժանարար ու պառակտիչ փորձեր:

ե) «Մէկ ազգ, մէկ եկեղեցի» սկզբունքէն մեկնած, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, ինչպէս միշտ, այս հանգրուանին եւս կը զօրակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ մերժելով անոր դէմ կատարուած որեւէ ոտնձգութիւն:

Ժողովը գոհունակութեամբ ընդգծեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերը կազմակերպ են եւ կենսունակ: Հակառակ Միջին արեւելեան տարածաշրջանին մէջ զարգացող իրադարձութիւններուն, անվտանգային սուր խնդիրներուն, շրջանի մեր պատմական թեմերը կը շարունակեն իրենց աշխոյժ եւ ժողովրդանուէր գործունէութիւնը:

Ժողովական աշխատանքներու աւարտին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շեշտեց յարափոփոխ պայմաններէն մեկնած, մեր թեմական թէ ընդհանուր գործունէութեան նոր հայեցակարգ մշակելու, նոր մեթոտաբանութիւն որդեգրելու եւ յատկապէս մեր կառոյցները երիտասարդացնելու հրամայականը: Ան նաեւ յիշեցուց Սփիւռքի վերակազմակերպման ու վերակենսաւորման նոր մղում տալու անյետաձգելի անհրաժեշտութիւնը: Վերջապէս, Նորին Սրբութիւնը ընդգծեց մեր Հայրենիքը ու ազգը դիմագրաւող տագնապներուն դիմաց մեր գերագոյն ու ընդհանրական արժէքներու ու իտէալներու շուրջ համախմբուելու կարիքը՝ հեռու ներքին բեւեռացումներ յառաջացնող քայլերէ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում