Սթենֆորդի համալսարանի հետազոտողների թիմն անսպասելի եզրակացության է եկել. աշխատանքային տարածքում բույսերի ավելցուկը չի նվազեցնում, այլ ընդհակառակը, բարձրացնում է գրասենյակային աշխատողների սթրեսի մակարդակը: Այս հայտնագործությունը կասկածի տակ է դնում գրասենյակային տարածքներում առատ կանաչապատման օգտակարության վերաբերյալ տարածված համոզմունքը:
Հետազոտողները մշակել են ինտերիերում կանաչապատման և փայտե տարրերի քանակը գնահատելու նոր մեթոդ, հաղորդում է Newsweek-ը: Փորձի համար նրանք մոդելավորել են գրասենյակային միջավայրին հնարավորինս մոտ պայմաններ: Նաև հաշվարկել են տարածքում բույսերի ամենաշատ հնարավոր քանակով առավելագույն կամ 100%-անոց իրավիճակը:
Պարզվել է՝ մասնակիցները սթրեսի ամենամեծ աճն ունեցել են, երբ տարածքը լցված է եղել մոտավորապես 60% բույսերով և փոքրիկ ծառերով, հաղորդում է, Planet Today-ը: Նախորդ փորձերը հիմնականում հիմնված են եղել մասնակիցների սուբյեկտիվ գնահատականների վրա կամ՝ համեմատվել են մարդկանց զգացողությունները բույսերի լիակատար բացակայության կամ դրանց ներկայության միջավայրում:
Նոր ծրագիրը գիտնականներին թույլ է տվել իրենց ուսումնասիրության մեջ հաղթահարելու այս սահմանափակումները: Այն հիմնված էր տվյալ տարածքում մարդու տեսած բնական տարրերի միջին քանակի հաշվարկի վրա: Հետազոտության մասնակիցների արձագանքների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ ամենից հարմարավետ են զգում այն տարածքներում, որտեղ կանաչապատման տոկոսը հնարավոր առավելագույնի 20%-ն է։ Նման միջավայրում մարդիկ կապ են զգում բնության հետ՝ խուսափելով ավելորդ սթրեսից և գերգրգռվածությունից։