Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ ՌԴ ԱԳՆ
Նոյեմբերի 11, 2025

Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ ՌԴ ԱԳՆ

By Նոյեմբերի 10, 2025 3

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարց․ Վերջին շրջանում Հայաստանում՝ ըստ երևույթին 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ավելի ու ավելի հաճախ են սկսվել քննարկումներ՝ իբր Երևանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմների» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք դա։

Պատասխան․ Իրոք, մենք արձանագրել ենք նմանատիպ մի շարք հայտարարություններ ինչպես փորձագետների, այնպես էլ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից, այդ թվում՝ օրինակ՝ Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի։

Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմների» գաղափարը հորինել են և անմիջապես գործնականում սկսել են կիրառել ամերիկացի ռազմական տեսաբանները։ Վերջերս Հայաստանի հարևան Վրաստանում «համատեղ Արևմուտքի» երկրները կրկին դրսևորեցին իրենց ամբողջ «հիբրիդային շքեղությամբ»․ կոպտորեն միջամտեցին ներքաղաքական գործընթացներին, հրահրեցին «մայդանային» տրամադրություններ, զրկեցին Թբիլիսիին զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու ազատությունից, զբաղվեցին բացահայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նույնիսկ արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարից։

Մեզ համար նման մոտեցումը օտար է։ Մենք միշտ հարգել ենք և շարունակելու ենք հարգել յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ հանրապետությունում հետապնդվում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցները՝ կարծես նույն սցենարով, որը վերջին տարիներին կիրառվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։

Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայկական գործընկերների հնարավոր մտահոգությունները թե՛ խորհրդարանական մակարդակով, թե՛ մեր կողմից առաջարկված՝ համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուսաստանյան-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվական ֆոնը շտկելու նպատակով»,- նշված է  ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հարցուպատասխանում։

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ եղել է և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը և հիշեցրել, որ Մոսկվան առանց հապաղելու օգնության է եկել եղբայրական ժողովրդին։

«Վերջին օրինակներից մեկը՝ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետները ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնեցին երկրի հյուսիսում հեղեղներից վնասված երկաթուղային ճանապարհը։

Այս տարվա նոյեմբերին ամենակարճ ժամկետներում կազմակերպվել է մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումը՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով բացված երկաթուղային երթուղով։ Առաջին խմբաքանակը ժամանել է նոյեմբերի 6-ի գիշերը։

Նշենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ստեղծված Երեքկողմ աշխատանքային խմբի շրջանակում նախկինում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունների շնորհիվ։

Մասնակցելով հիշյալ հարավկովկասյան հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին՝ Ռուսաստանը մշտապես հետևողականորեն առաջնորդվում է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերին դեռ պետք է ժամանակը փորձի ենթարկի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Rate this item
(0 votes)

Լրահոս