Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երեկվա հանդիպումից հետո։
«Միացյալ Նահանգները ընդգծել է նախագահ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանից և Հնդկաստանից հետո Թուրքիան ռուսական նավթի երրորդ խոշորագույն գնորդն է։ Bloomberg-ի տվյալներով՝ այն օրական ներմուծում է մոտ 300,000 բարել։ Թուրքիան նաև «Գազպրոմից» գնում է մոտ 22 միլիարդ խորանարդ մետր գազ, որը հանրապետություն է մատակարարվում «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերով։
«Գազպրոմի» և թուրքական պետական «Բոթաշ» ընկերության միջև գործող պայմանագրերի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Կողմերը բանակցություններ են վարում երկարաժամկետ պայմանագրերի երկարաձգման շուրջ՝ պահպանելով այդ ծավալները, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։